NEWS.am-ի հարցին, թե ինչպե ՞ս է մեկնաբանում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ լրատվամիջոցներից մեկում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի արած այն հայտարարությունը, ըստ որի` 2016-ին Ստեփանակերտի երկինքն անպաշտպան էր, իսկ այժմ ամբողջ Արցախը պաշտպանված է, Սերժ Սարգսյանը պատասխանել է.
«Եթե բանակում այսօր ինչ-որ բան բարելավվել է, ինչ-որ բան ավելի լավ է, քան երեկ էր, ես միայն ուրախ եմ և երբեք ու երբեք ցեխ չեմ շպրտի հայոց բանակի վրա, կասկածի տակ չեմ դնի նրա պաշտպանունակությունը, ինչպիսին էլ լինեն օրվա քաղաքական իշխանությունների ցանկությունները կամ քմահաճույքները:
Որովհետև ով գոնե մի փոքր պատկերացում ունի բանակաշինության մասին, պետք է, որ հասկանա` ինչ ասել է տարեցտարի բանակի պաշտպանունակության մակարդակը բարձրացնելը, սպառազինությունն արդիականացնելը, բանակը հզորացնելը, որովհետև միայն զրոյական վիճակից, այն էլ` պատերազմի ժամանակ քարը քարի վրա դրած, ծանրագույն պայմաններում զորահավաք կազմակերպած, կամավորական ջոկատներից կանոնավոր բանակային ստորաբաժանումներ հիմնած, հակառակորդի դեմ գոյապայքարի ծանրագույն ժամանակաշրջանում բանակի սպառազինության, հագուստի, սննդի ու վառելիքի հարցերը լուծած մարդիկ կհասկանան ասածս, որոնց աչքի առաջ է ծնվել և կայացել բանակը:
Շուրջ երեսուն տարի մենք ազգովի հպարտացել ենք հայոց բանակով, իրավացիորեն համարել տարածաշրջանում ամենամարտունակը, որը մեր Հայրենիքն ու մեր ժողովրդին պաշտպանելու սրբազան գործը մշտապես պատվով ու պատասխանատվությամբ է կատարել: Եվ այս երեք տասնամյակների ընթացքում գոնե ես և այդ ճանապարհն անցած իմ շատ ընկերներ գայթակղություն չենք ունեցել բանակաշինության նախորդ ժամանակաշրջանը համեմատել մեր արած բարելավումների հետ, հրապարակավ, այդ թվում` ի լուր հակառակորդի հայտարարել, թե ինչ չկար նախկինում, որտեղ էր խոցելի մեր պաշտպանությունը, որպեսզի ցույց տանք, թե մենք ինչ ենք արել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։