Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանն անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության այն որոշմանը, որ խմբակցությունը չի ընտրելու ներկայացված թեկնածուներից որևէ մեկին:
«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում Մկրտչյանը նշեց, որ ցավում է, որ հաշվի է առնվում ոչ թե օբյեկտիվ չափանիշները, այլ քաղաքական որոշումը:
«Ցավում եմ, որ ընտրությունն օբյեկտիվ չափանիշների հիման վրա չի կատարվում, այլ կատարվում է քաղաքական որոշման արդյունքում, բայց պետք է հասկանանք, որ սա քաղաքական մարմին է, և կարող է լինել ցանկացած որոշում: Հասկանում եմ, որ տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք ունեն հետևանքներ: Հասկանում եմ պատգամավորներին, որ իրենք պետք է ինչ-որ ձևով արտահայտեն դա, բայց չէի ակնկալում, որ այդ արտահայտումը պետք է լինի իրենց քվեարկության ձևով»,- ասաց Մկրտչյանը: