Մինչ Սփյուռքահայ ներդրողը բողոքում է, նրանից խլված շենքում շարունակում են բնակարաններ վաճառել

Մինչ Սփյուռքահայ ներդրողը բողոքում է, նրանից խլված շենքում շարունակում են բնակարաններ վաճառել
Մինչ Սփյուռքահայ ներդրողը բողոքում է, նրանից խլված շենքում շարունակում են բնակարաններ վաճառել

Կրկին հայտարարությամբ հանդես է եկել «Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնությունե-ը, որը ստորեւ ներկայացնում ենք ամբողջությամբ:
«Քանի դեռ ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը ամենատարբեր պետական ատյաններին դիմումներ է գրում իր ներդրումների հաշվին հիմնադրված «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի կողմից պետությանը չվճարված մեկ միլիոն հինգ հարյուր հազար դոլարի հարկերի մասին, մինչ պահանջում է հարուցված քրեական գործի վրա պետական վերահսկողություն և արդեն տեղի ունեցած ապօրինությունների բացահայտում, Մաշտոցի վրա գտնվող, սփյուռքահայ ներդրողի միջոցներով կառուցված շենքում շարունակվում է բնակարանների վաճառքը:
Այն շենքը, որի բնակարանների իրացումից հարկերը պետք է վճարվեին, այսօր լցված է ամենատարբեր պաշտոնյաներով, որոնք, իհարկե, իրենց բնակարանները գրանցել են, ոչ թե սեփական` այլ ազգականների, կանանց, մորաքրոջ տղաների և անգամ վարորդների անուններով: Ամերիկահայ գործարարը բազմիցս տեղեկացրել է, որ այս անձանց մի մասն այդ բնակարանները ստացել է հենց այնպես, այս գործով հայտնի Վլադ Մանգասարյանի ակտիվ թալանչիական գործունեության արդյունքում, մյուս մասն էլ` չնչին գներով: Այնպես որ սփյուռքահայ գործարարը միայն այս կերպ է կարողանում պարզաբանել, թե ինչու են մինչ օրս ՊԵԿ-ը, դատախազությունը և դատարանները ամեն ինչ անում, որպեսզի քննություն չկատարվի: Սփյուռքահայ գործարարը պնդում է, որ այս ամենն արվում է մի միտումով` որպեսզի չբացահայտվեն այն անձանց անունները, որոնք մի քանի սովորական թալանչիների թիկունքում տիրացել են հսկայական գումարների:

Էդմոնդ Խուդյանի բազմաթիվ ահազանգերից, բողոքներից, նամակներից հետո 2011 թ. մայիսի 3-ին ՙկանխամտածված սնանկության՚ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ամերիկահայ գործարարը դիմում է ներկայացրել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահին և հայտնել, որ իր ներդրումների հաշվին հիմնադրված ՙԱրին կապիտալ՚ ներդրումային ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Եսայանը, չարաշահելով Էդմոնդ Խուդյանի և տասնյակ գնորդների (հիմնականում սփյուռաքահայ) վստահությունը, շինարար Վլադիսլավ Մանգասարյանի և ընկերության մասնակից Ղևոնդ Ղալումյանի հետ մեկտեղ օտարել են ընկերությանը պատկանող Մաշտոցի 33ա հասցեի 5 հարկանի և 33/1 հասցեի 13 հարկանի շենքերի տարածքները, գրպանել են միլիոնավոր դոլարներ և սնանկացրել ընկերությունը: Սակայն ՊԵԿ-ի և դատախազության անգործության պայմաններում քրեական գործով մինչ օրս ոչ կասկածյալներ կան, ոչ մեղադրյալներ, սա էլ բավական չէ` վերջին մեկ տարվա ընթացքում Վլադիսլավ Մանգասարյանն ողջ նախաքննության ընթացքում շարունակում է շենքում բնակարանների վաճառքը և նրան ոչ ոք չի էլ փորձում կանգնեցնել:

Ամերիկահայ գործարարը ունի և բոլորին էլ տրամադրում է շենքի տվյալ պահի` փաստացի սեփականատերերի ցուցակները, բայց դրանք քիչ բան կարող են տալ: Խաբված սփյուռքահայը վստահեցնում է, որ դրանց մասին տեղյակ են և՚դատախազությունը, և քննիչը, և գործերը քննող դատավորները, սա գույքի բացահայտ հափշտակություն է, ինչը հնարավոր է բացահայտել հենց քրեական գործին ընթացք տալով:

Նշենք, որ խոսքը այն նույն շենքի մասին է, որի բնակիչները օրերս դիմում- բողոք էին հղել նախագահ Սերժ Սարգսյանին` հայտնելով շենքում ստեղծված հակասանիտարական վիճակի մասին: 2009 թվականին շենքը իր 13 հարկերով կառուցված վերջացած է եղել, բայց այնտեղ շատ խնդիրներ կան, որոնք այդպես էլ չեն լուծվել: Մաշտոցի պողոտայի 33/1 շենքում հիմա տիրում է անմխիթար վիճակ, երբեմնի նախագծանախահաշվային փաստաթղթերով նախատեսված բազմաֆունկցիոնալ շենքը այժմ վերածվել է աղբանոցի, մարդկանց կյանքի համար շատ վտանգավոր մի վայրի: Շենքը հնարավոր չէ շահագործել և չկա որեւէ մեկը ով պատասխանատու է այս վիճակի համար»:

© Medialab.am