Րաֆֆի Հովհաննիսյան. Դրոշակի պատգամը

Այսօր նշվում է Դիվանագետի օրը. ուղիղ 30 տարի առաջ Հայաստանի Հանրապետությունը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության լիիրավ անդամ, եւ մեր եռագույն դրոշը հանդիսավոր կերպով բարձրացվեց ՄԱԿ-ի կենտրոնակայանի առջեւ: Բերկրանքի եւ հպարտության, մեր լինելության, աշխարհին մեր երկրի ինքնիշխան վերադարձի արտապատկերն էր:

Ուրախությամբ չէ, սակայն, որ երեք տասնամյակ անց պարտավոր ենք արձանագրել, որ Հայաստանի սասանված վարկը, կենսական պետական շահը եւ համազգային համերաշխության հրամայականը պահանջում են գործող վարչապետի անհապաղ պաշտոնաթողումը եւ ազգային համախմբման իշխանության սահմանադրական ձեւավորումը:


Աղետալի նոյեմբերից ի վեր, եւ ի հեճուկս արդեն սպառված որեւէ «մանդատի», սա ուղղակի առարկայական օրինաչափություն է: Նա, ում ղեկավարմամբ ու ձեռամբ կնքվեց, ապաեւ շարունակվեց կիրարկվել հայրենազրկումը՝ բռնի ուժով թե ինքնակամ, պիտի վայր դնի իր լիազորությունները՝ հաջորդներին թողնելով ապաքինման եւ վերականգնման ծանր պարտականությունների ժառանգությունը:

Պատմությունն ինքը կորոշի հերոսներին եւ դավաճաններին, բայց այսպիսի անփոփոխ, հեղհեղուկ ընթացքը պարզապես կույր է ու անթույլատրելի, քանի որ գնում է ամբողջացնելու հայրենազրկման՝ թշնամական մեծ ծրագիրը եւ կանխորոշելու պատմագրության հետագա հոլովույթն ու խստագույն դատավճիռը:

Մեր Հայրենիքն ու ինքնությունը, արժանապատվությունն ու ժողովրդավարությունը ծայրահեղ վտանգված են: Եվ ողբերգությունը խորություն ու թափ է հավաքելու, եթե ժողովրդի ջերմությամբ եկածը վերջապես իրական առաջնորդի սթափ հատկանիշ չցուցաբերի եւ՝ փրկարար ինքնաբացարկ չներկայացնի:

Անհրաժեշտ է նաեւ, որ պետության նախկին ղեկավարները նույնկերպ՝ առաջնորդին վայել պահվածքով օգնեն, որ Հայաստան նավը շարժվի ոչ թե ի շրջանս յուր, այլ դեպի ապագա՝ ճանապարհ բացելով քաղաքական նոր լուծումների համար:

Սա արդեն դիվանագիտություն չէ: Հինգ հազար սրբազնացած տղաներն են, մեկ էլ Ղազանչեցոցի զանգակատունը՝ հավատացյալ, սպասող, հայրենաշունչ:

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան

2 մարտի 2022

Երեւան