«Ասեց՝ մամա, Գուչոն էլ չկա»․ հարազատները Արտակի մասին՝ «ասում էր՝ կծաղկացնեմ Վարդենիսը, գինեգործական զավոդ կբացեմ»

Գուչո անունով էին բոլորը ճանաչում Արտակ Սարգսյանին։ Նա փոքր հասակում գանգրահեր էր, դրա համար էլ նրան Գուչո էին ասում՝ պատմում է մայրը։

Գուչոյին Վարդենիսում բոլորն էին սիրում, նա ուրիշ էր, տարբերվում էր իր բարեհամբույր վերաբերմունքով, բոլորին օգնելու պատրաստակամությամբ, անընդհատ դեմքին հայտնվող ժպիտով ու ծիծաղով՝ ասում է որդեկորույս մայրը:

«Ամբողջ Վարդենիսը դա կվկայի, եթե մտնեք Վարդենիս, ցանկացածից հարցնեք Գուչոյի մասին, կասեն՝ ինչ մարդ ա եղել։ Շատ ընկերական էր, կյանքում ոչ մեկի չէր մերժի, մեծի հետ էլ, փոքրի հետ էլ ընկերություն էր անում, սթրես էր ապրում, երբ որևէ մեկը կծաղրեր մի քիչ առողջական խնդիրներ ունեցող մարդուն։ Իրեն նվիրված երգ էլ կա՝ «Վարդենիսցի Գուչոն»»,- որդու մասին հուզմունքով պատմում է մայրը՝ 47-ամյա Նելլի Սարգսյանը։

Գուչոն 9 ամսվա ծառայող է եղել, երբ սկսվել է պատերազմը։ Կապանից տեղափոխվել է Ջրական, Հադրութ, թշնամու դեմ վերջին պայքարը մղել է Մարտունի 2-ում, որտեղ էլ զոհվել է հոկտեմբերի 25-ին։

Նելլին ասում է՝ որդին միշտ թաքցրել է, որ մարտի դաշտում է, ծնողները տեղյակ չեն եղել, որ տղան թեժ պայքարի մեջ է եղել։

«Իրա դեպքից մի օր առաջ՝ ցերեկը ժամը 2-ին, նամակ էր գրել. մա՛մ ջան, ամեն ինչ լավ ա, թեյ ենք խմում, նոր ենք արթնացել… Ցերեկվա 2-ին գրել ա, որ նոր ա վեր կացել, միշտ խաբել ա մեզ, ասում էր՝ պահված ա ուրիշի տանը, չեն կռվում, ճակատ չեն դուրս եկել»,- ասում է Նելլին։

Հոկտեմբերի 25-ին Արտակը զոհվել է ԱԹՍ-ի հարվածից, երբ մեքենայից արկեր է իջեցրել։

«Ընկերը պատմեց, որ էդ օրը մեքենայով սնարյադ են բերել, Գուչոս ա բարձրացել, որ իջացնի, սկսել ա թափել, հետո ասել ա՝ հոգնել եմ, մեջքս ցավեց, իջնեմ մեքենայի կողքը, մի քիչ հանգստանամ: Ընկերն ա բարձրացել մեքենայի վրա, ու էդ ժամանակ ԱԹՍ-ն խփել ա հենց մեքենայի կողքը, ընկերը վիրավորվել ա, իսկ Գուչոս՝ զոհվել»,- արտասվելով ասում է մայրը։

Նելլին պատմում է, որ այդ օրն արդեն ամբողջ Վարդենիսում տեղյակ էին, որ Գուչոն զոհվել է, սակայն որևէ մեկը չի համարձակվել այդ մասին ընտանիքի անդամներին ասել, միայն ասել են, թե վիրավորվել է:

«Ամուսինս մեքենայով հասել ա Կապան, բոլոր հիվանդանոցները մտել ա, ոչ ոք ռիսկ չի արել ասի։ Հետո իմացել ա, որ Մարտունի են բերել, գնացել, ճանաչել ա, դեմքը վնասված չի եղել։

Իրիկունը սաղ եկան-լցվան մեր տուն, ամուսինս հենց ներս մտավ, սկեսուրս ասեց՝ Գուչոյից ի՞նչ լուր կա, ասեց՝ մամա, Գուչոն էլ չկա»,- հուզմունքով ծանր պահերն է վերհիշում որդեկորույս մայրը։

Արտակ Սարգսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով, հուղարկավորվել Վարդենիսի ընտանեկան գերեզմանատանը։ Սարգսյաններին առաջարկել են որդու մարմինն ամփոփել Եռաբլուր պանթեոնում, սակայն նրանք նախընտրել են, որ որդին իրենց մոտ լինի, որ ամեն վայրկյան կարողանան որդուն այցելել։ 

2020-ի հոկտեմբերի 25-ից Սարգսյանների կյանքը դժոխային է դարձել։ Նելլին ասում է՝ հիմնովին փոխվել է իրենց կյանքը։ 2 տարի է՝ ուշքի չի գալիս, մյուս կողմից էլ՝ առողջական խնդիրներ են ի հայտ եկել։ 

«Մեր կյանքը դժոխք դարձավ։ Ամբողջ նյարդային համակարգս խախտված ա, սիրտս էլ զոնդավորեցին, զոբ էլ ա առաջացել, էլ հոգեբաններ հետս աշխատեցին, մինչև պատերազմը բացարձակապես խնդիր չեմ ունեցել, պատերազմից հետո էդ ցավերը ի հայտ եկան»,- ասում է Նելլին։

Որդու մասին պատմելիս մայրն ասում է՝ շատ երազանքներ ու նպատակներ ուներ։ Նախքան բանակ մեկնելն  ընդունվել էր Հայաստանի ագրարային համալսարանի գինեգործություն բաժինը։ Որոշել էր բանակից վերադառնալ, կրթությունը շարունակել, նպատակ ուներ Վարդենիսում գինեգործությունը զարգացնել․

«Երազում էր դրա մասին, ասում էր՝ կծաղկացնեմ Վարդենիսը, գինեգործական զավոդ կբացեմ»։

Մոր պատմելով՝ որդին շատ աշխատասեր էր, դեռ փոքր հասակից գործ էր գտնում, որ փող վաստակեր։

«Պապան չէր թողնում, ասում էր՝ հլը փոքր ես, ինքը նեղվում էր, սիրում էր աշխատել, գրպանում գումար ունենալ, կարար գնար տանձ հավաքեր, կարտոշկա, ցանկացած գործ կաներ։ Փոքր հողամաս ունենք, լացեց, ասեց՝ թողեք ես մենակ մշակեմ, գազար դրեց, էնքան մեծ բերք ստացավ, էդ բանակ գնալուց երկու տարի առաջ էր»,- թախիծով հիշում է մայրը։

Նելլին ասում է՝ իրեն ուժ են տալիս ավագ որդին ու աղջիկը, բայց Գուչոն ուրիշ էր, նրա տեղը երբեք չի լցվի։

«Ցավս չի սփոփվում։ Շատ կապված էինք, ես իմ երեխեքիս շատ եմ սիրում, տարբերություն չեմ դնում, ուղղակի Գուչոն ուրիշ տեսակ մարդ էր»,- ասում է ու կրկին հուզվում մայրը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am