Էլեկտրոնային ստորագրության պահանջը հետաձգվում է, ID քարտերի վերջնաժամկետը՝ երկարաձգվում. Նելլի Դավթյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը

– Տիկի՛ն Դավթյան, նույնականացման քարտեր ստանալու համար հերթերը քաղաքացիների շրջանում շատ լուրջ դժգոհությունների տեղիք են տվել, սա նաև խոչընդոտում է գործատուների աշխատանքը, քանի որ առանց ID քարտերի հնարավոր չէ ստանալ էլեկտրոնային ստորագրություն, ինչը նաև աշխատանքային պայմանագիր ստորագրելու պարտադիր պայման է: Ինչո՞վ է պայմանավորված այս իրավիճակը:

– Ճիշտ եք նկարագրում, իսկապես ունենք նույնականացման քարտի ստացման բավականին մեծ կուտակումներ, ընդ որում՝ այս կուտակումները գալիս են դեռևս նախորդ տարվա եկամուտների հայտարարագրման պահանջից: Երևանում տեղ-տեղ հերթերը հասել են ամռան ամիսներին, ու, այո՛, նույնականացման քարտի պահանջը կտրուկ բարձրացավ՝ պայմանավորված նոր, այն է՝ աշխատանքային պայմանագրերի թվայնացման պահանջով։ Եթե գոյություն ունեցող պայմանագրերի համար ժամանակ էր տրված մինչև ընթացիկ տարվա ավարտը, ապա նոր կնքվող պայմանագրերի պարագայում այդ ժամանակը չկա, չի տրված: 

Հիմա հարց է հնչում, թե ինչո՛ւ հնարավոր չէր սա նախապես կանխատեսել, ես նշեմ, որ հնարավոր էր, որովհետև, ըստ էության, նախորդ տարի էլ այս նույն թիրախ խմբի ուղղությամբ էր պահանջը դրված, այսինքն՝ այն անձինք, որոնք ունեն աշխատանքային պայմանագրեր, եկամտահարկ են վճարում, նրանք հայտարարատու էին, ու դեռևս անցյալ տարվանից ենթադրվում էր, որ էլի բարեփոխման ուժով պետք է ունենային ID քարտեր, ու այդ նույն մարդկանց խմբի մասին է խոսքը։ Ընդհանուր առմամբ, մոտ 950 հազար մարդու մասին է խոսքը, որ հիմա արդեն պետք է թվայնացնեն իրենց պայմանագրերը, բայց մենք ունենք իրավիճակ, որ այս թիրախ խմբից մոտ 210 հազար անձ մինչև այս պահը, ընդ որում՝ նրանցից շատերը, ունենալով հերթագրում, ձեռք չեն բերել նույնականացման քարտ: 

Մեր ԱՍՀՆ գործընկերների հետ մենք նախաձեռնել ենք հետևյալը․ արդեն Կառավարության որոշումը առկա է, ու այս վերջնաժամկետները համաչափորեն կձգվեն առնվազն մեկ տարով, որպեսզի քաղաքացիներին ավելի հանգիստ պայմաններում, առանց խուճապի ու կուտակումների այդ քարտերը ձեռք բերելու ավելի լայն հնարավորություններ տանք: 

Այստեղ մի կարևոր նշում էլ կա, որ ընթացիկ տարում մենք արդեն գործարկելու ենք մեր կենսաչափական համակարգը, ու ըստ էության տարվա երկրորդ կիսամյակում այլևս չենք ունենա պատկերը, որ թողունակությունը կբերվի պատշաճ ստանդարտների, ու առկա պահանջարկը կբավարարվի: 

– Այսինքն՝ ժամկետները մեկ տարով հետաձգվե՞լ են:

– Առնվազն մեկ տարով, Կառավարության որոշումը կա, որով վերջնաժամկետ է սահմանվել 2027-ի հունվարի 1-ը, ըստ էության, ստացվում է ուղիղ մեկ տարով երկարաձգված, մինչ այդ կամավորության սկզբունքով անձինք կարող են թվայնացնել, իսկ 2027-ի հունվարի 1-ից արդեն բոլորը պետք է ունենան թվային աշխատանքային պայմանագրեր, բայց քանի որ սա փոփոխություն է Աշխատանքային օրենսգրքում, դեռ պետք է Ազգային ժողովի փուլը հաղթահարի, այնտեղ գուցե էլի որոշակի փոփոխություններ լինեն:

– Տիկի՛ն Դավթյան, եթե այս փոփոխությունը խորհրդարանը հաստատի՝ նշանակո՞ւմ է, որ այդ էլեկտրոնային ստորագրությունն այլևս գործատուների համար նոր աշխատողներ ընդունելիս խոչընդոտ չի լինի։

– Այո՛, այսինքն՝ ոչ թե խոչընդոտ չի դառնա, այլ էլեկտրոնային ստորագրության կարիքը կլինի ոչ թե հաշված օրերի, այլ ամբողջ տարվա ընթացքում: 

– Տիկի՛ն Դավթյան, նույնականացման քարտ ստանալու համար քաղաքացին ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնի:

– Անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր, կենսաչափական տվյալները տեղում են հանձնվում, այսինքն՝ տասը մատի մատնահետք, էլեկտրոնային տարբերակով լուսանկարն ու ստորագրությունը տրվում են տեղում ու վճարում, այս պահին 3000 դրամ արժի նույնականացման քարտը, խոսքը պետտուրքի մասին է: Բնականաբար, այս ամենից առաջ պետք է նախապես գրանցվել:

Հավելենք, որ օրերս Ազգային ժողովը արտահերթ նիստի ընթացքում երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունել է օրենքի նախագիծը: Առաջարկվող փոփոխությունները ուժի մեջ կմտնեն նախագահի ստորագրումից հետո՝ հրապարակման հաջորդ օրվանից:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am