Այսօր պատվաստանյութերի վտանգի մասին են ավելի շատ խոսում նրանք, ովքեր նախկինում չէին ուզում լսել հիվանդության վտանգի մասին. «Ամերիկայի Ձայն»

Հեղինակ MediaLab

Մինչեւ 2020 թվականի մայիս ամիսը Մեծ յոթնյակի երկրների շարքում Միացյալ Նահանգներում տոկոսային հարաբերությամբ գրարնցվել էր քովիդ 19 հիվանդության ամենաբարձր ցուցանիշը: Մեկ տարի անց Ամերիկան մահացությունների թվով երրորդ տեղում է: Այդ մասին գրում է «Ամերիկայի Ձայնը»

Ինչպես Ջորջթաունի համալսարանի առողջապահության հարցերով փորձագետ Լորենս Գոսթինն է ասում, Ամերիկայի առողջապահական համակարգի կողմից քովիդ հիվանդության դեմ դիմադրողականությունը ամբողջությամբ ձախողվել է: ‘’Մենք աշխարհի ամենահարուստ երկիրն ենք, ու համավարակի դեմ` ամենաաղքատ կերպով պայքարողը’’, ասում է նա: Նրա խոսքերով, դա աններելի փաստ է:

Նա ասում է նաեւ, որ ԱՄՆ-ի առողջապահության հանրային համակարգը տարիներ շարունակ կրել է ֆինանսավորման խնդիրներ եւ այդ պատճառով չկարողացավ պատշաճ կերպով պայքարել, երբ համավարակը տարածվեց այստեղ:

Բացի այդ, ասում են շատերը, մեղքի իր մեծ բաժինն ունի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:

ԱՄՆ-ի Հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման կենտրոնի նախկին տնօրեն Թոմ Ֆրիդենի խոսքերով, ‘’Ամերիկան համավարակի դեմ գործողությունները չի հիմնել գիտության վրա, գործողություններն էլ չեն եղել համակարգված’’:

Հիշենք գիտության վրա չհիմնավորված Թրամփի այն խոսքերը, ըստ որոնց հարկավոր է մարդու օրգանիզմում ներարկել ախտահանող նյութեր:

Փորձագետներն ասում են, որ առանց գիտնականների կարծիքը հաշվի առնելու անվստահելի բուժման միջոցներ առաջարկելով ու խնդիրը քաղաքականացնելով, Թրամփը մեծապես է վնաս հասցրել համավարակի դեմ Ամերիկայի գործողություններին:

Փորձագետներն այժմ մեծ հույսեր են կապում Ջո Բայդընի հետ:

Գոսթինի խոսքերով տարբերությունը մեծ է, ինչպես ցերեկն ու գիշերը: Նրանք գոհ են, որ հենց առաջին օրը նոր վարչակազմը ներկայացրեց ծրագիր, երբ անցած մեկ տարվա ընթացքում ծրագիր չի էլ եղել:

Վարակակիրների ցուցանիշն անկում է գրանցում, սակայն սկսել է հիվանդության նոր տարատեսակների տարածումը: Մյուս կողմից, չնայած մեծ են պատվաստանյութերի հետ կապված հույսերը, մտահոգիչ է դրանց նկատմամբ երբեմն հնչող թերահավատությունը:

Ժողովրդի շրջանում այսօր պատվաստանյութերի վտանգի մասին են ավելի շատ խոսում նրանք, ովքեր նախկինում չէին ուզում լսել հիվանդության վտանգի մասին: