«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Արմեն Խաչատրյանը
– Պարո՛ն Խաչատրյան, վերջին օրերին իշխանության որոշ ներկայացուցիչներ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, անդրադառնում են ՀՀ առաջին նախագահին, իրենց բնորոշմամբ՝ տարբեր փաստերով ցույց տալիս, թե նա ժամանակին ինչեր է արել, ու խորհուրդ են տալիս նրան այլևս հրապարակումներ չանել ու «վայելել Հայաստանի Հանրապետությունում հաստատված խաղաղ կյանքը»: Ինչո՞ւ են թիրախավորել Լևոն Տեր-Պետրոսյանին:
– Իշխող քաղաքական ուժը ամեն ինչ կարող է ասել, ցանկացած տեսակ բառակույտ կարող է արտաբերել, բայց երբևէ չեմ հանդիպել փաստարկի, որի հետ արժի հաշվի նստել:
Իսկ ինչո՛ւ են անում, եկեք անկեղծ լինենք. մի բան, որ մեր ժողովուրդը, չգիտեք ինչու, չի ուզում անել. Ղարաբաղյան շարժումը սկսվել է 1988 թվականին, այդ ժամանակ Տեր-Պետրոսյանի մասին շատ քչերը գիտեին, շարժման ինչ-որ փուլում Լևոն Տեր-Պետրոսյանը ստանձնել է ղեկավարներից մեկի պարտականությունը: Ղարաբաղյան շարժումը ինչ-որ փուլում նաև վերածվեց ազգամիջյան բախումների, խոսքը Ադրբեջանում հակահայկական երևույթների մասին է, որոնք շատ հաճախ վերածվում էին հայկական ջարդերի՝ Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ, բուն Լեռնային Ղարաբաղ:
Ինչ-որ փուլում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմանադրական պահանջին Ադրբեջանը պատասխանեց պատերազմով, ընդ որում՝ այդ ռազմական գործողությունները ոչ միայն Լեռնային Ղարաբաղում էին տեղի ունենում, այլ նաև Հայաստանի այն սահմանի երկայնքով, բուն Հայաստանի տարածքում, որտեղ կար ադրբեջանական բնակչություն՝ Երասխից մինչև Մեղրի և Մեղրուց մինչև Նոյեմբերյան: Ուզում եմ ասել, որ մենք, ըստ էության, պարտադրված բախումների, իսկ հետագայում նաև՝ պարտադրված պատերազմի հետ ենք գործ ունեցել:
Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած իշխանությունը, Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ կարողացել է մինչև 1994 թվականն այնպես վարել պատերազմը, դրան զուգորդելով դիվանագիտական այնպիսի հմտություններ, որ, ի վերջո, 1994 թվականին Ադրբեջանին պարտադրվել է զինադադար, ու հարցի լուծումը մտել է դիվանագիտական՝ բանակցային փուլ, իսկ այդ փուլը 1997 թվականին հասել է իր տրամաբանական հանգրվանին:
Ու միայն այն ուժերը, որոնք համարել են, որ «Արցախը Հայաստան է և վե՛րջ», կապ չունի, թե այդ միտքը ո՛վ ո՛ր ժամանակաշրջանում է ասել, միայն այդ ուժերը, մոլորեցնելով մեր ժողովրդին, Հայաստանում փոխել են խաղի կանոններն ու երկիրը տարել հասցրել են կործանման: Բոլոր ոչ մի թիզ հող չհանձնողները ու նմանատիպ կարգախոսներով հանդես եկեղները պատասխանատու են մեր բոլոր զոհերի համար:
Ինչո՞ւ այս երկար մենախոսությունն արեցի. Նիկոլ Փաշինյանին թշնամի են բոլոր այն մարդիկ, որոնք ժամանակին ողջամտության խոսք են ասել, որոնք ժամանակին պնդել են, որ խաղաղության այլընտրանքը պատերազմն է, իսկ պատերազմը մեզ համար վերջանալու է ողբերգությամբ: Ու քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա թիմակիցները մշտապես իրենց հրապարակային ելույթներում, քաղաքական բոլոր ծրագրերում նշել են սա, և, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ու փակ խոսակցության ժամանակ բացատրել է, թե ինչ է նշանակում խաղաղության այլընտրանք, ու ինչ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի կործանարար պատերազմից խուսափել, քանի որ Նիկոլ Փաշինյանը գերագույն մեր ազգային ողբերգության գլխավոր մեղավորն է, ապա բնական պետք է լիներ, որ Ալիևին ու Էրդողանին իր հերոսը համարող անձնավորության համար ինչ-որ պահի պետք է թշնամի ու թիրախ դառնային Լևոն Տեր-Պետրոսյանն ու բոլոր այն մարդիկ, որոնք կիսում են Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հայացքներն ու մոտեցումները: Տարօրինակ ոչինչ չի պատահել, ջախջախված, նվաստացված պատերազմի կուսակցությունը փորձում է փախչել պատասխանատվությունից ու պատժից:
– Բացի պատասխանատվությունից խուսափելուց, ինչպես ասում եք, այլ նպատակ չի՞ հետապնդում առաջին նախագահի թիրախավորումը:
– Այո՛, նրա հաջորդ մտադրությունն արդեն ակնհայտ սահմանադրական փոփոխությունների ու 2026 թվականի ընտրությունների նախօրյակին հակառակորդներին վնասազերծելն է: Եկեղեցի, Սամվել Կարապետյան, արմատական, հավասարակշռված ընդդիմություն ու մյուս բոլորին Փաշինյանը փորձում է չեզոքացնել, որովհետև իր ցածր վարկանիշն ու քաղաքական թիմի իմպոտենտությունը նկատի ունենալով՝ վտանգ է զգում անգամ ճանճի տզզոցից:
– Հաջողվո՞ւմ է:
– Այս տարիների ընթացքում եկել եմ այն համոզման, որ Նիկոլ Փաշինյանը մի վատ խասիաթ ունի՝ վերջում միշտ տապալված է դուրս գալիս, հետևաբար այս ձեռնարկում էլ է ինքը տապալվելու: Այդ վատ խասիաթը՝ այս անգամ ի բարօրություն մեր ազգի, իրեն զգալ է տալու, ու, փառք Աստծո, իր այս ձեռնարկի մեջ էլ տապալվելու է Նիկոլ Փաշինյանը:
– Պարո՛ն Խաչատրյան, կարծում եք, որ 26 թվականին չի՞ վերարտադրվելու, ինչպե՞ս պնդում են շատերը:
– Ես կարծում եմ, որ հաջորդ տարին մեր ազգի համար անկյունաքարային է լինելու, եթե ժամանակին ուզում էինք ազատվել կոռումպացված, հակադեմոկրատական իշխանություններից, որ ներքին ազատությամբ մեր խնդիրը լուծենք, ապա հիմա մեր ազգը արագ կհասկանա, որ գործ ունենք մեր արտաքին ազատության, ինքնիշխանության խնդրի հետ:
Ես ձեզ ասեմ, որ այդ ազգային համախմբումն իրականում գոյություն ունի. ուշադրություն դարձրեք վերջին խոշոր ընտրությանը՝ Երևանի ավագանու ընտրություններին, ու կտեսնեք, որ մոտավորապես 75 տոկոսը չի մասնակցել այդ ընտրություններին, իսկ այդ արհամարհանքը քաղաքական պրոցեսին արդեն պասիվ համախմբում է: Այդ պասիվ համախմբումը պետք է վերածել ակտիվ համախմբման և ցույց տալ Նիկոլ Փաշինյանին, թե որտեղ են խեցգետինները ձմեռում:
Մեկ կարևոր բան էլ. Նիկոլ Փաշինյանը, ուզի թե չուզի, պետք է հրապարակի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը, եթե դա ինքը չանի՝ դա կանի Թրամփը կամ Ալիևը, կամ մեկ ուրիշը: Միևնույն է, հրապարակվելու են, ու Փաշինյանին սրա համար անհրաժեշտ է մթնոլորտ, որտեղ այդ փաստաթղթերն ինքը կփորձի հրամցնել որպես ձեռքբերում, բայց դա էլ կրկին տեղավորվելու է նրա վատ խասիաթի մեջ:
Ճշմարտությունը վաղ թե ուշ ի հայտ է գալիս, հրապարակվելու են այդ բոլոր փաստաթղթերը, հրապարակվելու է 2019 թվականի մերժված խաղաղության պլանը, հրապարակվելու են նաև այն բանավոր խոստումները, որ տվել է Ալիևին, այդ ամեն ինչի մասին ցուցմունք է տալու իր շրջապատը: Ճշմարտությունը ուշ թե շուտ ի հայտ է գալիս:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















