Իմ վարչակազմը պարտավորվում է ապահովել կանանց հավասար ներկայությունը դաշնային կառավարության բոլոր մակարդակներում. Բայդենի ուղերձը կանանց

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարություն է տարածել Կանանց միջազգային օրվա առիթով՝ նվիրված ԱՄՆ-ում և ողջ աշխարհում կանանց ձեռքբերումներին և ունեցած ներդրմանը: Այդ մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»

Նա ընդգծել է, որ իր ղեկավարած վարչակազմը բարձր է գնահատում կանանց ունեցած դերը՝ օգտագործելով նրանց կարողությունները անվտանգության և բարեկեցության ապահոման հարցում: Բայդենը նշել է, որ ինքը հրամանագիր է ստորագրել` Սպիտակ տանը հիմնելով գենդերային քաղաքականության խորհուրդ, որպեսզի երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը հիմնված լինի արժանապատվության և հավասարության սկզբունքների վրա:

«Իմ վարչակազմը պարտավորվում է ապահովել կանանց հավասար ներկայությունը դաշնային կառավարության բոլոր մակարդակներում», – ավելացրել է նախագահը՝ հիշեցնելով, որ փոխնախագահ Քամիլլա Հարիսը դարձել է այս պաշտոնում առաջին կինը՝ կոտրելով ավելի քան երկու դար գոյություն ունեցող կարծրատիպերը: Բացի այդ, տարբեր ռասայական պատկանելիություն ունեցող ռեկորդային թվով կանայք միացել են Բայդեն-Հարիսի վարչակազմին:

«Մեր երկրում, ինչպես և բոլոր այլ երկրներում, կանայք պայքարում են արդարության համար, վերացնում պատնեշները, կառուցում և աջակցում տնտեսությանը, օգնում իրենց համայնքներին՝ հաղթահարելու ճգնաժամերը, և արժանապատվորեն ու վճռականորեն ծառայում հասարակությանը», – ասել է նախագահը: «Շատ հաճախ նրանք ստիպված են դա անել ազատության, լիարժեք մասնակցության և հավասար հնարավորությունների բացակայության պայմաններում, որոնք պետք է ունենան բոլոր կանայք: Նրանց ներդրումը թերագնահատված է: Նրանց պատմությունները մնում են աննկատ: Ահա թե ինչու, կանանց միջազգային օրը մենք պետք է վերահաստատենք մեր նվիրվածությունն ամբողջ աշխարհում կանանց արդարությանը և հավասարությանը ու լույս սփռենք համակարգային խոչընդոտների վրա, որոնք խորացնում են գենդերային անհավասարությունը և խաթարում կանանց ներուժը»:

«Վերջին մեկ տարվա ընթացքում կանայք կարևոր և հաճախ չափազանց մեծ դեր են խաղացել գլոբալ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում», – հիշեցնում է Բայդենը՝ նշելով կանանց ներդրումը բազմաթիվ ոլորտներում, ներառյալ բժշկության, կրթության, գյուղատնտեսության և այլ ասպարեզներում:

«Ամբողջ աշխարհում մենք տեսնում ենք, թե ինչպես է համաճարակը զրոյացնում տասնամյակների կանանց տնտեսական ձեռքբերումները: Դա ստիպում է միլիոնավոր երիտասարդ աղջիկների թողնել դպրոցը, ինչը կարող է ազդել գալիք տարիների տնտեսական աճի վրա: Կանանց նկատմամբ բռնության դեպքերն իրենց տներում և համայնքներում աճել են: Եվ, ինչպես հաճախ է պատահում, COVID-19- ն առավելագույն վնաս է հասցնում ամենաաղքատ և առավել մարգինալացված կանանց հատվածին: Այս համաշխարհային միտումները վնասում են մեզ բոլորիս, քանի որ մենք գիտենք, որ կառավարությունները, տնտեսությունները և համայնքներն ավելի ուժեղ են կանաց լիարժեք մասնակցության պարագայում: Ոչ մի երկիր չի կարող վերականգնվել այս համաճարակից, եթե իր բնակչության կեսը դուրս թողնվի», ասել է նախագահը: