Հայաստանը լուրջ խնդիրների առաջ է կանգնած, սակայն պետք չէ այդքան հուզվել պատերազմի վերսկսման հնարավորության մասին հունական կայքի գրածներից. Բորիս Նավասարդյան

Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայաստանը անկասկած լուրջ խնդիրների եւ վտանգների առաջ է կանգնած, սակայն պետք չէ այդքան հուզվել հունական Greek City Times կայքի գրածներից պատերազմի վերսկսման հնարավորության մասին:

Այդ պարբերականը հեռու է աշխարհաքաղաքական զարգացումների մեջ խորացած լինելուց, հեղինակն էլ ոչ մի բան ավել չգիտի, քան Հայաստանի միջին վիճակագրական քաղաքացին, այստեղից֊այնտեղից մի քանի լուր կպցրել է իրար ու ընթերցողին գրավելու համար սենսացիոն վերնագիր դրել:

Զգոն անշուշտ պետք է լինենք, հետեւենք տարածաշրջանում զարգացումներին, բայց չընկնենք պատահական աղբյուրից թարգմանած մակերեսային, կիսապրոֆեսիոնալ “վերլուծությունների” ճնշման տակ սոսկ այն պատճառով, որ անգլերենով են գրված:

Ցավն այն է, որ չունենք այդ կարգի տեղեկատվական գրոհներից պաշտպանող հանրային քաղաքականություն, որը կներառեր անվտանգության բազմակողմանի հարցերով զբաղվող կոմպետենտ կառույցներ, սոլիդ ուղեղային կենտրոններ, անվերապահ վստահություն վայելող լրատվամիջոցներ»: