Զինվորական դատախազությունը հայտարարել է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատարյանը՝ Լիսկան, դեպքի վայրում չի եղել, երբ նրա տան մոտ սպանվել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանն ու ծանր վիրավորվել նրա գնդապետ եղբայր Արտակ Բուդաղյանը: Զինդատախազությունը վկայակոչում է դեպքի տեսաձայնագրությունը, որ կատարել են Լիսկայի տան անվտանգության տեսախցիկները:
Իսկ թե այդ տեսախցիկներում ինչ է պատկերված մարդասպանի մասով, զինդատախազությունը կարծես թե չի հայտնում: Բայց եթե դրանք պատկերել են դեպի վայրից Լիսկայի բացակայությունը, ընդ որում այնպես, որ զինդատախազը դա ներկայացնում է որպես փաստ, ուրեմն պետք է որ պատկերած լինեին նաեւ այն, թե ով է կրակել ու սպանել Ավետիք Բուդաղյանին: Իսկ եթե այդ տեսախցիկներում պատկերված չէ միջադեպն ամբողջությամբ, ապա ինչպես են պնդում, թե Լիսկան դեպքի վայրում չի եղել: Գուցե դեպքի ինչ որ մաս տեսախցիկներից հեռու է եղել:
Հայկական մամուլում արդեն իսկ հրապարակվել են տեղեկություններ ինքնադատաստանի տրամադրվածության մասին, որ կա թե մահացած Ավետիք Բուդաղյանի հարազատների մոտ, թե պարզապես սյունեցիների մոտ, որոնք պահանջում են հանել Լիսկային, այլապես իրենք կիրագործեն արդարադատությունը:
Հայաստանյան իրավիճակում, երբ չի գործում պետական արդարադատության, քաղաքական պատասխանատվության ու հանրային բարոյականության համակարգը, ինքնադատաստանի տրամադրությունները միանգամայն օրինաչափ երեւույթ են, եւ զարմանալին ու տարօրինակը դրանց բացակայությունը կլինի, ոչ թե առկայությունը: Առայժմ իհարկե ինքնադատաստանը խոսքից գործի կարծես թե չի վերածվել, բայց ամեն ինչ ի վերջո լինում է առաջին անգամ, ու դա էլ անկասկած կլինի, եթե երկրում այդպես էլ չի լինում արդարադատություն եւ բարոյականություն:
Իսկ այս դեպքում բարոյականությունն առնվազն, օրինակ, արդեն իսկ ոտնահարվել է: Սյունիքի մարզպետը հրաժարական տալու փոխարեն լիազորություններն է ինքնակոչ տարբերակով դադարեցնում ընդամենը, իսկ հետո էլ նրան Երեւանի Մարիոտ հյուրանոցի սրճարանում են տեսնում, այն հյուրանոցում, որտեղ Խաչատրյանը ապտակել էր Սիլվա Համբարձումյանին ու մնացել անպատիժ: Հոգեբաններն ըստ երեւույթին կբացատրեն, թե ինչու է իր տան մոտ կատարված սպանությունից հետո Լիսկան այցելել անպատիժ ապտակի վայրը:
Երբ տեղի ունեցավ Հարսնաքարի ողբերգությունը, օրեր անց ռեստորանում ձերբակալվեց բանակի մի գնդապետ, ով պայթուցիկ զենքով մտել էր ռեստորան սպա Վահե Ավետյանի դաժան սպանության ինքնադատաստանի համար: Նրան կանխեցին: Փոխարենն ավելի ու ավելի անկանխելի են դառնում հանցագործները, որոնք դատարանում արդեն սպառնում են լրագրողներին ու հայտարարում՝ «արուններս խմաք, արա»: Դա հայտարարում են նրանք, ովքեր ծեծելով մարդ են սպանել: Հայտարարում են, որովհետեւ պետությունը, որ արդարադատություն չի երաշխավորում, երաշխավորում է ինքնադատաստանների կանխումը:
Մամուլում տեղեկություն է հրապարակվել, թե Լիսկան իր հարազատներից մեկին ասել է, որ առաջին անգամ վախենում է իր կյանքի համար: Ասել է, թե չի ասել, այդքան էլ էական չէ: Բայց անկախ ինքնադատաստաններից պետության երաշխիքներին, իրավական ու բարոյական նորմերը ոտնահարած յուրաքանչյուր մեկն իր կյանքի համար պետք է վախենա, եթե չի վախենում արդարադատությունից: Ու այդ վախն է, որ իշխող քրեական համակարգերին բերում է արդարադատության գիտակցման, արդարադատության կանոնների շուրջ համընդհանուր համաձայնության: Արդարադատությունն այդ համակարգերում հրայր թովմասյանները կամ գիտակների ակումբի անդամները չէ, որ առողջացնում են կամ կայացնում: Արդարադատությունը իշխող քրեական համակարգերում կայացնում է վախը՝ վախը ինքնադատաստանի հանդեպ: Կարդալ ավելին