Մեկ շաբաթում Արցախի ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 810 զանգ

2021 թվականի մարտի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 810 զանգ: Նախորդ շաբավա համեմատ զանգերի թիվն նվազել է 102-ով:

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նախորդ շաբաթվա համեմատ ավելացել է 3-ով: Գրանցված 4 ՃՏՊ-ի հետևանքով տուժել է 4 քաղաքացի, ցավոք՝ երկուսը մահվան ելքով:

Նախորդ շաբաթվա համեմատ հանրապետության տարածքում նվազել է հրդեհի դեպքերը: Հրդեհի մասին ստացվել է 2 հաղորդում, տուժածներ չկան:Սակրավորները շարունակում են հանրապետության տարածքը մաքրել չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքից: Բնակավայրերում այդ աշխատանքները հասցվել են առավելագույնի:

Այժմ ինժեներահետախուզական աշխատանքներ են տարվում հիմնականում լեռնային և անտառային հատվածներում, գյուղատնտեսական նշանակության դաշտավայրերում: Ահազանգման կենտրոնում 7-օրյա ժամանակահատվածում զենք-զինամթերքի մասով գրանցվել է 25 կանչ:

ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները վերջին մի շաբաթվա ընթացքում հիմնականում գործել են Մարտակերտ քաղաքում և նույն շրջանի գյուղերի տարածքներում: Սոցիալ-կենցաղային պատահարների մասին գրանցվել է 44 կանչ, որոնց մեծ մասը կապված է եղել վերելակի և դռան բացման, ինչպես նաև ջրամատակարարման հետ:

ԱՀ ՆԳՆ ԱԻ ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարարները 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր շարունակում են Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում իրականացնել զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորած զինծառայողների որոնողափրկարարական աշխատանքներ:

Զինադադարից հետո հայտնաբերվել է 1499 աճյուն:

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն