Արդարադատության, առողջապահության եւ սոցիալական ոլորտների նախարարները խորհրդարանում ներկայացրին Կառավարության ծրագրի արդյունքները

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 16-ի նիստում քննարկվեց «ՀՀ կառավարության 2021-ի փետրվարի 25-ի N 242-Ա որոշմամբ հավանության արժանացած «ՀՀ կառավարության 2019-ի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ ՀՀ կառավարության ծրագրի 2020-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին»» զեկույցը:

Ծրագրի՝ մարդու իրավունքներին վերաբերող հատվածը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Գործադիրը 2019-ի դեկտեմբերի 26-ին հաստատել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը եւ դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագիրը: Այն ներառում է 89 միջոցառում: Ծրագիրը թիրախավորում է իրավահավասարության ապահովմանը, խտրականության արգելքին եւ տարբեր խոցելի խմբերի պաշտպանությանն ուղղված միջոցառումներ:

2020-ին նախատեսված է եղել 25 միջոցառում, ամբողջությամբ իրականացվել է 15-ը, մասամբ՝ 8-ը: Համավարակի եւ պատերազմի պատճառով 2 միջոցառում անկատար է մնացել:

2021-ի սկզբին Արդարադատության նախարարությունը նախաձեռնել է Մարդու իրավունքների պաշտպանության գործողությունների ծրագրի փոփոխության գործընթաց: Այն ուղղված է պատերազմից հետո առկա խնդիրների վերհանմանն ու ռազմավարական մակարդակում դրանց հասցեագրմանը:

«Քրեական նոր օրենսգրքում նախատեսվում է նոր պատժատեսակ՝ որպես այլընտրանք ազատազրկմանը: Այն դատապարտյալին առանց հասարակությունից մեկուսացնելու եւ տնային պայմաններում հսկողության տակ պահելու այլընտրանքային պատիժ է»,-ասաց նախարարը:

Պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի՝ դատապարտյալների զբաղվածության խնդրին վերաբերող հարցին ի պատասխան՝ Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց, որ դատապարտյալներին աշխատանքով ապահովելը եղել է նախկինում ստեղծված «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի կանոնադրական նպատակը: Նախարարությունը նախորդ տարի ստացել է Պետական վերահսկողության ծառայության, իսկ այս տարի՝ Հաշվեքննիչ պալատի հաշվեքննության արդյունքները: «Երկու դեպքում էլ արձանագրվում է, որ հիմնադրամը կանոնադրական նպատակով չի գործել, եւ հիմա մենք մտածում ենք՝ արդյո՞ք հնարավոր է առողջացնել հիմնադրամը, թե պետք է գնանք մասնավորի հետ ուղիղ համագործակցության»,-ասաց Բադասյանը:

Պարեկային ծառայության գործարկման թեմայով հետարքրքրվեց պատգամավոր Սարգիս Խանդանյանը: «Հուլիսին Երեւանում կգործարկվի 700-հոգանոց անձնակազմով եւ 150 մեքենայով պարեկային ծառայությունը: Հիմա Ոստիկանության ակադեմիայում կադրերի պատրաստման ակտիվ գործընթաց է: Ներգրավված են միջազգային փորձագետներ»,-ասաց Բադասյանը՝ հավելելով, որ կրթական ծրագրերը թիրախային են: Պարեկը սովորում է միայն այն ծրագիրը, որն իր ամենօրյա աշխատանքում անհրաժեշտ է լինելու:

«2020-ը լրջագույն մարտահրավերներով տարի էր»,-հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը եւ ներկայացրեց COVID-19-ի դեմ արդյունավետ պայքարին ուղղված կանխարգելիչ միջոցառումները:

Նախարարն անդրադարձավ նաեւ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում առողջապահական համակարգի գործողություններին, բժշկական օգնության ճիշտ կազմակերպմանը: Շուրջ 3000 բուժաշխատող ներգրավված էր գործընթացում, իսկ բարդ դեպքերի ժամանակ արտերկրի բժիշկների մասնակցությամբ կոնսիլիումներ են հրավիրվել: «2020-ի ընթացքում որոշակի հապաղումներ եղել են: Կանխատեսվող բոլոր ռեֆորմները հասկանալի պատճառներով հնարավոր չի եղել իրականացնել»,-ասաց նախարարը եւ ներկայացրեց ընթացիկ ծրագրերի վիճակագրությունը:

«Համավարակի պայմաններում մարզերում ինչպե՞ս է իրականացվել թեստավորման գործընթացը»,-հետաքրքրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը:

Ի պատասխան՝ նշվեց. «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) գործել է ոչ միայն մայրաքաղաքում. բոլոր մարզերում ունենք մարզկենտրոնային մասնաճյուղեր: Բոլոր մարզային կենտրոններն ապահոված են ՊՇՌ թեստավորում անցկացնելու հնարավորությամբ»:

«Սոցիալական ոլորտում իրականացված աշխատանքները եւս նախատեսվածից էականորեն տարբերվել են»,-բարձրաձայնեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական

հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը: Անդրադարձ կատարվեց կենսաթոշակների եւ նպաստների համակարգում կատարված փոփոխություններին: 2020-ի հունվարի մեկից նվազագույն կենսաթոշակը սահմանվել է 26 500 դրամ, աշխատանքային, զինվորական կենսաթոշակի հաշվարկի համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 18 000 դրամ, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ 950 դրամ: Ավելացվել է առաջին եւ երկրորդ երեխայի ծննդյան միանվագ  նպաստի չափը. նախկինում եղած 50.000 եւ 150.000 դրամի փոխարեն սահմանվել է 300.000 դրամ:

2020-ի երկրորդ եռամսյակից սկսած՝ համավարակով պայմանավորված աշխատանքներն ուղղված են եղել սոցիալական ծրագրերի իրականացմանը: Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում իրականացվել է 11 միջոցառում՝ ընդհանուր 25 մլրդ դրամի ֆինանսավորմամբ: Կառավարությունը միջոցառումներ է իրականացնում՝ ուղղված 44-օրյա պատերազմի հետեւանքով առաջացած սոցիալական խնդիրների հաղթահարմանը: Հատկացումները կազմում են մոտ 25 մլրդ դրամ: Ֆինանսավորումը կավելանա եւս 30 մլրդ դրամով: