«Չկա կոռումպացված հոգևորական, այդ ումի՞ց պետք է հոգևորականը կաշառք վերցնի». Արքեպիսկոպոս Աջապահյանը՝ Փաշինյանին

«Ի՞նչ եք ուզում կաշառակեր հոգևորականներից։ Լույսը բացվում է՝ կաշառք եմ վերցնում մինչև մայրամուտ և հիմա շատ ուրախ եմ, որովհետև օրերը երկար են՝ շատ շուտ է լուսանում և ուշ է մթնում, ավելի երկար եմ կարողանում կաշառք ստանալ, ձմեռը դժվարանում ենք՝ օրերը կարճ են»,- «Մեդիալաբի» հետ զրույցում նման կատակով է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը արձագանքում Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, այսօր քարոզարշավի շրջանակներում ունեցած հանդիպմանը հայտարարել էր, թե «կոռումպացված հոգևորականները» վարկաբեկում են Հայ Առաքելական Եկեղեցին ու ավանդական արժեքները:

«Վերջին տարիներին հոգևոր էլիտայի ներկայացուցիչները, խոսքը ղեկավար կազմի մասին է, ամեն ինչ արել են Հայաստանի կառավարությանը սեփական կամքը պարտադրելու, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության ձախողմանը հասնելու համար: Մեզ էսօր ասում են, թե մենք փորձում ենք վարկաբեկել Հայ Առաքելական Եկեղեցու ավանդական արժեքները: Ո՛չ, այդ արժեքները վարկաբեկում են կոռումպացված հոգևորականները»,- հավելել էր նա:

Միքայել Սրբազանի խոսքով՝ իշխանության ու հոգևոր դասի անհամերաշխության պատճառն այն է, որ այս իշխանության քաղաքականությունը հակաեկեղեցական է, ինչը, ըստ Սրբազանի, անթաքույց է։

«Բայց մենք այս իշխանությանը դեմ չենք նրա համար, որ իրենք հակաեկեղեցական են, դեմ ենք նրա համար, որ իրենք հայրենիքն են կորցրել, Հայաստանն են փոսի մեջ հասցրել, դրա համար ենք իրենց դեմ, ոչ թե նեղ անձնական և կամ հարանմանական շահերից ելնելով»,- ասում է Շիրակի թեմի առաջնորդը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է ցույց տալ, թե հոգևորականները նրան ընդդիմանում են, քանի որ ինքը բացահայտում է, որ եկեղեցականները կոռումպացված են, ինչն իրականությանը չի համապատասխանում։

«Չկա կոռումպացված հոգևորական։ Այդ ումի՞ց պետք է հոգևորականը կաշառք վերցնի և ի՞նչ հարց լուծելու համար»,- զարմացած հարցադրում է անում Շիրակի թեմի առաջնորդը։

Սրբազանը վստահ է, որ այս անհամերաշխությունը կշարունակվի այնքան, քանի դեռ իշխանության են Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը: Սակայն, ըստ նրա, Փաշինյանի նմանատիպ գործողությունները միտումնավորության հետևանք չեն.

«Այդ մարդը հիվանդ է, քանի՞ անգամ ասենք՝ հիվանդ է այդ մարդը։ Եթե մարդն ընդդիմադիրից անցնում է իշխանության և շարունակում է ընդդիմադիրի լեզվով, նշանակում է՝ նրա մոտ լուրջ հոգեկան հիվանդություն կա։ Ես իր վրա չեմ զարմանում, զարմանում եմ իր շրջապատի վրա, որը դեռ ընդունում է իրեն։ Իր թիմակիցները կռապաշտության մեջ են, Նիկոլ Փաշինյանին դարձրել են կուռք և սխալվել են այդ ընտրության մեջ։ Նախ՝ սխալվել են կռապաշտություն ընտրելու, ապա՝ կուռքի ընտրության մեջ»։

Միքայել Սրբազանը նշում է, որ վաղը Նիկոլ Փաշինյանը կարող է ավելի ծանր բաներ ասել ու, չնայած այդ ամենին, հույս է հայտնում, որ դա չի վնասի մարդկանց ու պետությանը, փոխադարձ ատելությունը չի խորանա։

«Ինքն իրեն է բացահայտում շարունակաբար, և այդ բացահայտումն իր օգտին չէ, բարեբախտաբար»,- հավելում է Հայաստանյայց եկեղեցու թեմի առաջնորդը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am