Նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը քննարկել են Սյունիքում անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգը

Հեղինակ MediaLab

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։

Նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը քննարկել են գերիների վերադարձի և անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը։

Հանդիպմանը Մարդու իրավունքների պաշտպանը նախագահին է ներկայացրել Սյունիքում բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու իր հայեցակարգը։

Արման Թաթոյանը շեշտել է, որ սահմաններին առնչվող գործընթացն իրականացվում է Ադրբեջանի կողմից պատերազմի բացահայտ սպառնալիքի, ադրբեջանական բարձրագույն իշխանությունների հայատյացության պետական քաղաքականության պայմաններում:

Դրանից բացի, ադրբեջանական զինված ուժերի ծառայողները կրակոցներ են արձակում ՀՀ Սյունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ, ինչը լրջորեն վտանգում է բնակիչների կյանքի իրավունքն ու նրանց ֆիզիկական անվտանգությունը:

Բնակիչների իրավունքների տեսանկյունից սադրանքներ ու անհանգստություն են առաջացրել ադրբեջանական զինվորականների, ցուցանակների ու դրոշների առկայությունը Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին: Առկա են նաև սեփականության իրավունքի կոպիտ խախտումներ:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև պաշտոնապես սահմանագծում ու սահմանազատում կատարված չեն, ինչը նշանակում է, որ պետական սահմանների որոշման գործընթացն իրավական տեսանկյունից այս պահին առնվազն անորոշ է: Սրան գումարվում են նաև Սյունիքում ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտումները կամ դրանց էական վտանգը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։