Ես անզգուշություն ունեցա, Շուշիի մասին արտահայտություն արեցի, որը, իհարկե, չարժեր այդպես ասել. Փաշինյանը պարզաբանել է Շուշիի մասին իր հայտարարությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզի Կարբի համայնք կատարած այցի ժամանակ ունեցած ելույթում անդրադարձել է նաև Շուշիի վերաբերյալ արված իր հայտարարությանը:

Ազգային ժողովում, հիշեցնենք, վարչապետը Շուշիի մասին խոսելիս քաղաքը «դժբախտ ու դժգույն» էր որակել:

Այսօր վարչապետն ասաց, որ ինքն անհաջող է ձևակերպել միտքը, բայց բովանդակային առումով սխալ չի արել:

«Ես անզգուշություն ունեցա, Շուշիի մասին արտահայտություն արեցի, որը, իհարկե, չարժեր այդպես ասել: Չարժեր ձևի առումով այդպես ասել: Այսօր այդ մարդիկ դառել են Շուշիի ամենամեծ պաշտպանը, այդպես ասած: Ժողովո՛ւրդ ջան, 2020-ին ո՞վ է եղել Շուշիում: 30 տարվա մեջ ի՞նչ ենք արել մենք Շուշին:

Այո՛, ես ձևի առումով սխալ ձևակերպում ընտրեցի, բայց բովանդակության առումով ոչ մի սխալ բան չասացի, որովհետև Շուշին, նրանց Շուշին Ղարաբաղում չի եղել, ժողովո՛ւրդ, նրանց Շուշին Շվեյցարիայում ու Բադեն Բադենում ա եղել: Բա եկեք գնանք Իտալիա, Փարիզ, եկեք գնանք հունական կղզիներ, գնանք բադեն-բադեններ և կտեսնենք նրանց՝ ոչ դժգույն շուշիները, ա՛յ էնտեղ են նրանց շուշիները: Նրանք կառուցել են իրենց շուշիները աշխարհի բոլոր տեղերում, բայց հնարավորինս հեռու Շուշիից»,- ասել է վարչապետը: