2018-2020 թթ. Երանոս գյուղում սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման ծավալը կազմել է 252 միլիոն դրամ

Մարտի 23-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղել է Երանոս համայնքում։ Համայնքապետարանում մարզպետը քննարկում է անցկացրել համայնքի ղեկավարի, համայնքապետարանի աշխատակազմի, ավագանու անդամների, դպրոցների տնօրենների և համայնքի ակտիվի հետ։

Հանդիպման սկզբում համայնքի ղեկավար Սաշա Բավեյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է Երանոսում իրականացված սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի ծավալներին և առաջիկա հրատապ անելիքներին։

«2018-2020 թթ. Երանոսում սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման ծավալը կազմել է 252 միլիոն դրամ, որի հիմնական մասը կյանքի է կոչվել ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Կառուցվել են ճանապարհներ, խմելու եւ ոռոգման ջրատարների, լուսավորության ցանցեր, մասնակի հիմնանորոգվել է համայնքի մանկապարտեզը։

Այս տարի ևս սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մարզպետարան ենք ներկայացրել զարգացման չորս ծրագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 150 միլիոն դրամ: Երանոսում ներդրումային ծրագրերին մասնակցելու ցանկություն են հայտնել նաև համայնքի բարերարները, որոնց աջակցության շնորհիվ ևս համայնքում հնարավոր կլինի լուծել շատ խնդիրներ»,- նշել է համայնքի ղեկավարը։

Արձագանքելով համայնքի ղեկավարի խոսքին` մարզպետը կարևորել է Գեղարքունիքի մարզպետարան-Երանոսի համայնքապետարան համագործակցության պահպանումը և նշել, որ այս տարվա ընթացքում էլ Երանոսում կառավարության աջակցությամբ և համայնքի համաֆինանսավորմամբ կիրականացվեն սոցիալ-տնտեսական նշանակության ծրագրեր։

«Մեր այցի նպատակներից մեկն էլ Երանոսում «Թումո» ստեղծարար կենտրոնի տուփի տեղորոշման հարցի կարգավորումն է: Տուփը պետք է տեղադրվի այնպիսի վայրում, որից անխոչընդոտ կարողանան օգտվել նաև Վարդաձորի դպրոցականները։ Ինչ վերաբերում է դպրոցաշինական խնդիրներին, ասեմ, որ այս պահին ՀՀ կառավարության հետ քննարկում ենք մի քանի տարբերակ` հիմնանորոգումից մինչև նոր դպրոցական շենքի կառուցում։

ՀՀ կառավարության, մարզպետարանի և Երանոսի համայնքապետարանի միջև առկա համագործակցության արդյունքում լուծվել է նաև համայնքի մանկապարտեզի գույքի խնդիրը։ Արդեն կառավարություն են ներկայացվել այս տարվա համար նախատեսված սուբվենցիոն ծրագրերը, որոնց թվում են նաև Երանոսի խնդիրներին վերաբերող ծրագրերը»,- նշել է մարզպետը:

Հանդիպման ավարտին Գնել Սանոսյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող տարաբնույթ հարցերի։