Շատ մոտ ենք էկոլոգիական աղետին. սկսված հրդեհներն ավելի են ծանրացնելու օդի աղտոտվածության վիճակը. Քրիստինա Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը 

– Տիկի՛ն Վարդանյան, Երևանում օդի աղտոտվածության օրեցօր վատթարացող վիճակի մասին օրերս խոսեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը, արդեն քանի օր է՝ Հայաստանի տարբեր մարզերում անտառային հրդեհներ են, ու այս ընդհանուր իրավիճակը հիմք է տվել մարդկանց կարծիք հայտնել, թե Հայաստանն էկոլոգիական աղետի մեջ է: Կարելի՞ է նման բնորոշում տալ:

– Մենք շատ մոտ ենք այդ որակմանը: Այն, որ Երևանում խնդիրները շատ-շատ են, ու մենք դրա մասին ահազանգում էինք, փաստ է: Այսօրվա պատկերը հետևանքն է այն որոշումների, որոնք տասնյակ տարիներով կայացվել ու իրականացվել են Երևանում իշխանությունների կողմից, սկսած այս անվերահսկելի շինարարությունից, այս հանքերից, որոնք բաց վիճակում աշխատում են, տրանսպորտի այս վիճակից, կանաչ տարածքների ոչնչացումից, հիմա ավելի ու ավելի խորացել է այս ամենը: 

Բայց այնպիսի բաներ, ինչպիսիք այսօր են տեղի ունենում, օրինակ՝ կանաչապատման ոլորտում, կարելի է ասել աննախադեպ են: Ես ուղղակի չեմ հիշում, որ փողոցների երկայնքով Փոքր կենտրոնում մեկ օրվա մեջ հայտարարվեին հիվանդ ու հատման ենթակա ծառեր, ու փողոցները մնային առանց օդափոխության միջանցքների, որովհետև ահռելի տարբերություն կա՝ դուք փողոցում եք հատում ծառը, թե անտառ-պուրակում: 

Երևան քաղաքում խաթարվել է ամեն ինչ, քաղաքը չունի բնական ֆիլտրեր, մենք չունենք բնական անտառներ, մեր լանջերն ամբողջությամբ բացված են, որտեղից այլևս չեն իրականացվում ինքնամաքրման գործընթացներ, այսինքն՝ անտառապատելու փոխարեն անում ենք ուղիղ հակառակը: Էկոլոգիական հարցերը լուծելու համար պետք է լանջերի կանաչապատման գործընթացները երեք տարում ավարտին հասցրած լինեին, որովհետև 2020 թվականին մենք այդ գործողությունն արդեն սկսել էինք: Այսինքն՝ անում են քայլեր, որոնք բերելու են խնդրի ավելի ու ավելի ծանրացման: Հիմա էլ այս հրդեհները սկսվել են, ինչն ավելի է ծանրացնելու վիճակը: 

Ամենացավալին այն է, որ մեր անտառածածկույթը շատ փոքր է, ու հիմա այսպիսի զանգվածային կորուստները մեզ համար ծանր հետևանքներով են հղի, այստեղ ամբողջ կենսաբազմազանության հարցն է դրված, միայն ծառերի խնդիրը չէ, անտառները ձևավորված էկոհամակարգեր են, որոնք շատ լուրջ ֆունկցիա են կրում, ու հիմա մնալ նաև առանց դրանց, Հայաստանն ունենալու է մեծ կորուստներ, չէ՞ որ սա կենսաբազմազանության ոչնչացումն է:

– Օդի նման աղտոտվածության ցուցանիշ վերջին տարիներին գրանցվե՞լ է մայրաքաղաքում:

– Այն, ինչ տեղի է ունենում վերջին օրերին, արդեն բավական բարձր ցուցանիշ է, բայց, եթե ես նույնիսկ ոչ մի ցուցանիշ չտեսնեմ, ապա այն օբյեկտիվ իրականությունը, որում ապրում ենք, արդեն խոսում է այն մասին, որ մենք լավ տվյալներ չենք կարող ունենալ: Ունենալով 5 անգամ ավելի պակաս կանաչ ֆիլտր, ընդհանուր օգտագործման տարածքները պետք է կազմեն 20%, մենք ունենք ընդամենը 4-ը, չունենալով ջրային մակերեսներ այն քանակով, որը պետք է, ունենալով բաց վիճակում գործող հանքեր, ունենալով տրանսպորտի չլուծված խնդիր ու անվերջ խցանումներ, ունենալով չկանոնակարգված շինարարություն ու էլի մի շարք խնդիրներ՝ մենք չենք կարող ունենալ լավ որակի օդ: 

Կարելի է ցուցադրել լավ տվյալներ, բայց օբյեկտիվ իրականությունը այլ է: Շրջակա միջավայրի մոնիթորինգի մշտադիտարկման կենտրոնն անվերջ տալիս է, չէ՞, տվյալները, որ Կենտրոն, Շենգավիթ , Նոր Նորք վարչական շրջաններում մշտապես ունենք 2-4 ու ավելի անգամ գերազանցումներ: 

– Նման որակի օդը ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ մարդկանց առողջության վրա:

– Հետևանքներն առաջինը լինելու են մեր երեխաների համար, որովհետև առաջնային թիրախային խումբը նրանք են, հետո տարեցները, ինչպես նաև այն մարդիկ, որ ունեն սիրտ-անոթային, շնչառական համակարգի հիվանդություններ ու նաև տարատեսակ ալերգիկ հիվանդություններ: Առողջ մարդիկ ևս, մշտապես ապրելով օդի աղտոտվածության պայմաններում, ունենալու են կարճաժամկետ խնդիրներ՝ արցունքահոսություն, հազ, փռշտոց, բրոնխոսպազմներ, գլխացավեր, գլխապտույտներ, իսկ երկարաժամկետ՝ շնչառական համակարգի հիվանդություններ, մաշկի հիվանդություններ, սիրտ-անոթային տարատեսակ հիվանդություններ՝ ընդհուպ չարորակ նորագոյացությունների զարգացում: 

Ըստ ԱՀԿ տվյալների՝ մահվան դեպքերի հավելյալ քանակները քառորդ տոկոս դեպքերով պայմանավորված են օդի աղտոտվածությամբ, այսինքն՝ կաթվածից, ինֆարկտից մահերի 25%-ը պայմանավորված է օդի աղտոտվածությամբ, շնչառական համակարգի հիվանդություններով պայմանավորված մահերի 43%-ը և թոքի քաղցկեղով պայմանավորված մահերի 30%-ը դարձյալ պայմանավորված է օդի աղտոտվածությամբ: Այսինքն՝ օդի աղտոտվածության վտանգներն ավելի քան լուրջ են, մանկական քաղցկեղը նույնպես պայմանավորված է օդի աղտոտվածությամբ: 

– Տիկի՛ն Վարդանյան, այս պայմանններում, քաղաքացիներն ինչպե՞ս պահպանեն իրենց առողջությունը:

– Հիմա, քանի որ շատ բարձր են օդի աղտոտվածության ցուցանիշները, երեկոյան 200-ից բարձր էր ցուցանիշը քաղաքապետարանի կայքում, այսօր 175 էր ցուցանիշը, դրսում պետք է անպայման դիմակներով լինել, բայց ոչ սովորական բժշկական դիմակներով, դրանք պետք է լինեն պաշտպանիչ շերտով դիմակներ: 

Բացի այդ, պետք է բացառվի ֆիզիկական որևէ ակտիվություն՝ հեծանիվ վարել, վազք, դուրս գալ շատ խիստ անհրաժեշտության դեպքում և որևիցե պարագայում ոչ զբոսանքի համար: Նաև այս ընթացքում պատուհանները փակ պահել, ներսում ունենալ օդորակիչ սարքեր, այսինքն՝ մտածել սեփական առողջության մասին: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am