Զատկին ձվի շուկայի պահանջարկը կբավարարվի. Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ

Հայաստանում Զատկի տոնին ընդառաջ ձվի շուկայում խառնաշփոթ է ստեղծվել՝ կապված ապրանքի դեֆիցիտի, թանկացումների հետ: Սպառողները կամ խանութներում ձու չեն գտնում, որովհետև շուտ սպառվել է, իսկ եթե գտնում են, ապա բաձր գնով: Հայաստանի թռնչաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանն «Արմենպրես»ի հետ զրույցում նշեց, որ այս ամենի պատճառը մի քանի խնդրի կուտակումն է:

«Հիմնական պատճառը որոշ խմբերի կողմից շուկայում արհեստական դեֆիցիտ ստեղծելն է, որն էլ հանգեցնում է մեր քաղաքացիների շրջանում խուճապի առաջացմանը: Ամենօրյա վաճառքի հանվող ձուն շատ մեծ գնումների արդյունքում ժամերի ընթացքում սպառվում է: Օրինակ, խանութը մեզ պատվիրում է 20-30 արկղ ձու, որը սպառում է 2-3 օրվա ընթացքում: Հիմա հանկարծ ինչ պատահեց, որ նույն խանութների ցանցը ձուն ուղարկելուց երկու ժամ հետո զանգում են ասում են ձու չկա: Մենք մոնիտորինգ ենք կատարում, և վստահաբար կարող եմ ասել, որ նման կարգի մեծ գնումներ վաղուց չենք ունեցել: Մարդիկ մտնում են ու սայլակներով ձու են գնում»,-ասաց Սերգեյ Ստեփանյանը: Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ արհեստական դեֆիցիտ ստեղծողները նրանք են, որոնք միջնորդ են եղել ձվի առևտրում, սակայն այսօր դուրս են մնացել:

«Մենք անցել ենք կենտրոնացված մատակարարման, ու միջնորդ որոշ օղակներ դուրս են մնացել: Ոմանք վերավաճառքի մեջ եկամուտ են ունեցել, հիմա կտրվել է այդ եկամուտը: Բանն այն է, որ մենք ժամանակին ունեցել ենք ձվի այնքան գերարտադրություն, որ չէինք կարողանում իրացնել: Նախորդ տարի համաճարակի և պատերազմի պատճառով չենք կարողացել վերարտադրության «մատղաշ» (ճտեր) ներկրել, անհրաժեշտ գլխաքանակը թարմացնել, ու միայն նոյեմբերի վեջին կարողացանք դրսից ներկրել: Արդյունքում վերարտադրողական շրջանը մի փոքր հետ ընկավ: Որոշներն էլ գտան հարմար ձև իրավիճակից օգտվելու համար: Եթե ուշադրություն եք դարձրել փոքր խանութներում գինն ավելի բարձր է, ինչու, որովհետև իրենք անմիջապես արտադրողից չեն ստանում: Հիմա սուպերմարկետներից խոշոր քանակով գնում են, տանում փոքր խանութներում վերավաճառում: Ստացվում է առևտրային շուկայում երկու գին է աշխատում, սուպերմարկետներում այլ գին է, փոքր խանութներում՝ այլ»,-ասաց Սերգեյ Ստեփանյանն՝ ընդգծելով, որ դրան էլ գումարվում են քաղաքացիների խուճապն ու հավելյալ գնումները:

Մանրամասները՝ այստեղ