Ռուսական հիմնադրամները Արցախի բժշկական կենտրոնին բժշկական սարքավորումներ և հիգիենայի պարագաներ են տրամադրել

ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանն ընդունել է «Ռուսական հումանիտար առաքելություն», «Спеши к добру» և «Доктор Лиза» բարեգործական հիմնադրամների անդամներին: Նախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ Արցախի դռները մշտապես բաց են նման առաքելությամբ այցելող բարեկամների համար:

Հիմնադրամների համատեղ ջանքերով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական» բժշկական կենտրոնին է տրամադրվել արդիական բժշկական սարքավորումներ և հիգիենայի պարագաներ:

Կողմերը քննարկել են պատերազմական գործողություններից տուժած բժշկական հաստատությունների վերականգնմանը, վիրավոր զինծառայողների վերականգնողական բուժօգնության կազմակերպմանը, բուժսարքավորումների ձեռք բերմանը վերաբերող հարցեր:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ «Спеши к добру» հիմնադրամի անդամ Անի Մարտիրոսյանը վստահեցրել է, որ Արցախի համար իրականացվող ցանկացած ծրագիր բարեգործական առաքելության բնույթ է կրում և իրենց հնարավորություններով միշտ Արցախի կողքին են լինելու:

Հանդիպման ավարտին նախարարն իր երախտագիտությունն է հայտնել նախաձեռնության շրջանակներում ցուցաբերած օժանդակության համար և ընդգծել դրանց կարևորությունն Արցախի առողջապահական համակարգում: