Արցախի նախագահի խոսնակն արձագանքել է ադրբեջանցիների կողմից հայկական ավտոմեքենան քարկոծելու միջադեպին

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը բոլոր առումներով դատապարտելի է համարում Արցախի Կարմիր Շուկա-Ստեփանակերտ մայրուղու վրա մարտի 25-ին տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում ադրբեջանցի զինծառայողները քարեր են նետել հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների ուղղությամբ: Լուսինե Ավանեսյանը միջադեպին անդրադարձել է  «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«Արցախի իշխանությունները այն դիտարկում են որպես Արցախի Հանրապետության իրավական կարգի ու նոյեմբերի 10-ի հայտարարության խախտում և եռակողմ հայտարարությունը ստորագրած երկրների ուշադրությունը հրավիրում դրա վրա՝ նման միջադեպերի կրկնությունը բացառելու նպատակով:

Արցախի իրավապահների կողմից պատրաստվող նյութերը և միջադեպի վերաբերյալ Արցախի իշխանությունների կարծիքը փոխանցվելու են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,-հավելեց Ավանեսյանը: