Պրեմիերա՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը թատերասերներին ներկայացրեց նոր, հրաշալի ներկայացում՝ ֆրանսիացի դրամատուրգ Ֆրանսիս Վեբերի «Ընթրիք հիմարի հետ» կատակերգությունը:

Բեմադրությունն ու նկարչական ձևավորումը Սարգիս Մանուկյանինն է, երաժշտական ձևավորումը՝ Արեն Օսիպյանինը։ Բեմադրող ռեժիսորի խոսքով՝ կատակերգությունն ընտրել է որպես դեղահաբ, որպես անտիդեպրեսանտ, ակնկալիքով, որ հանդիսատեսը մի փոքր թեթևանալու ու լիցքաթափվելու հնարավորություն կունենա: Ֆրանսիացի դրամատուրգի ստեղծագործությունը անհատ-հասարակություն բարդ փոխհարաբերությունների ու հասարակական ընկալումների մասին է, որտեղ հետաքրքիր լուծումներով արտացոլված են նաև այսօրվան բնորոշ բարքերն ու ընկալումները:

Յուրաքանչյուր չորեքշաբթի մեծահարուստ երիտասարդների մի խումբ կազմակերպում է հանդիպում «‎հիմարի» հետ: Եվ ում «հիմարը» համոզիչ է, նա ստանում է մրցանակ: Երբ հերթը հասնում է Բրոշանին, նա շատ է ուրախանում, քանի որ վերջերս էր ծանոթացել մի «հիանալի» հիմարի հետ: Նա համոզված է, որ մրցանակն իր գրպանում է լինելու, բայց իրադարձությունները այլ կերպ են զարգանում…

Ֆրանսուա Պինյոնին (հիմարին) մարմնավորում է թատրոնի երիտասարդ դերասան Հակոբ Դեմիրճյանը, հրատարակիչ Պիեռ Բրոշանի կերպարը կերտել է Ժիրայր Գաբրիելյանը: Ներկայացման մեջ ներգրավված են նաև Համլետ Գյուլզադյանը՝ Արշամբոյի, Վահրամ Խառատյանը՝ Լուսիեն Շովալի, Արման Սաքանյանը՝ Ժուստ Լյոբլանի, Մարիամ Ղևոնդյանը՝ Կրիստինա Բրոշանի, Տաթև Պետրոսյանը՝ Մառլենի դերում: