Թուրքիան հայց է ներկայացրել «Շարլի Էբդո» ամսագրի դեմ. Թուրք-ֆրանսիական ճգնաժամը կրկին սրվում է

Անկարայի և Փարիզի հարաբերությունները մի քանի ամիս տևած հարաբերական անդորրից հետո կրկին սրվում են։ Այս անգամ դիվանագիտական սկանդալի պատճառը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հնչեցրած հայտարարություններն են։

Մարտի 22-ին ամենամեծ լսարան ունեցող ֆրանսիական հեռուստաալիքներից մեկի՝ France 5-ի եթերում հեռարձակված մի հաղորդման ընթացքում, որն ամբողջութամբ նվիրված էր Թուրքիայի նախագահին, Էմանուել Մակրոնը հայտարարեց, թե պաշտոնական Անկարան մտադիր է միջամտել Ֆրանսիայի ներքին գործերին։

Նա նաև Թուրքիայի պետական վերահսկողության տակ գտնվող և իշխանամերձ լրատվամիջոցներին մեղադրել էր կեղծ լուրեր հրապարակելու մեջ: Կեղծ լուրերի ամենավառ օրինակ որպես Մակրոնը մատնանշել էր «Շարլի Էբդո» երգիծական հանդեսի կողմից Մոհամադ մարգարեի ծաղրանկարների տպագրության շուրջ 2020-ի աշնանը ծագած սկանդալը։

«Ասում էին, թե ես իբր կողմ եմ արտահայտվել այդ ծաղրանկարներին։ Ես երբեք նման բան չեմ ասել։ Բայց իմ մեկնաբանությունները նենգափոխվեցին, և Ֆրանսիան սկսեց ներկայացվել որպես մի երկիր, որը խնդիրներ ունի իսլամի հետ», – հայտարարում էր Մակրոնը։ Նա նաև հայտնել էր, որ իր երկրում շարունակվելու են ծաղրանկարներ հրապարակվել և որ երբեք իրենք չեն ընկրկելու: 

Պաշտոնական Անկարայի պատասխանը գրեթե նույնքան կոշտ էր։ Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը մարտի 23-ին Անկարայում տարածած գրավոր հայտարարության մեջ դատապարտեց Մակրոնի այս հայտարարությունները՝ պնդելով, թե դրանք հակասում են պետությունների միջև ձևավորված վաղեմի դաշնակցային հարաբերությունների ոգուն։

Դատախազությունը Էրդողանի անձը նսեմացնող լուսանկարի հրապարակման հետ կապված ամսագրի 4 ներկայացուցչի նկատմամբ մեղադրական եզրակացություն է պատրաստել: 

Աղբյուր` Ermenihaber.am