Թմրամիջոցի իրացում, հայտնաբերված 1 կիլոգրամից ավելի մարիխուանա․Եղեգնաձորի ոստիկանների բացահայտումը

Մարտի 25-ի առավոտյան ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողներն օպերատիվ ճանապարհով տեղեկություններ ձեռք բերեցին, որ Եղեգիս գյուղի բնակիչ, 49-ամյա մի տղամարդ, նախնական պայմանավորվածության համաձայն, 23-ամյա մի երիտասարդի թմրամիջոց է իրացրելու։

Եղեգնաձորի ոստիկանները շտապեցին քաղաքի Երևանյան խճուղում գործեղ արագ սննդի կետերից մեկի մոտ, որտեղ նրանք պետք է հանդիպեին։ Քրեական հետախույզները դարանակալեցին, իսկ երբ տղամարդը թմրամիջոցով ծխախոտի տուփը փոխանցեց երիտասարդին, երկուսին էլ բռնեցին։ Երիտասարդի ձեռքում ծխախոտի տուփ կար, որի միջի թմրամիջոցներով փաթեթներից երկուսն ընկել էր, իսկ մյուս մասը մնացել տուփում: 

Նրա մասնակցությամբ, կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածով մի քանի փաթեթ՝ ընդհանուր 13 գրամից ավելի քաշով։  Երիտասարդը բերման ենթարկվեց բաժին։ Իրացնողը բաժին բերման էր ենթարկվել դեպքի վայրի զննությունից առաջ։ Նրա խուզարկությամբ ևս մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթներ հայտնաբերվեցին, նաև՝ նմանատիպ զանգվածով գլանակ ու թմրամիջոց օգտագործելու համար նախատեսված խողովակ:

Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում ոստիկանության ծառայողները խուզարկեցին տղամարդու Եղեգիս գյուղում գտնվող տունը։ Տարբեր հատվածներում հայտնաբերվեցին և առգրավվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներ, կանեփանման բույեր ու սերմեր՝ ընդհանուր 1 կիլոգրամ 300 գրամից ավելի քաշով։ Հետագա միջոցառումներով փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ տղամարդը նախկինում ևս տարբեր անձանց թմրամիջոց է իրացրել։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքերի հանգամանքները պարզվում են։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության կայքից։