Գյումրիում բժիշկները սկսել են ազատ շունչ քաշել․ կորոնավիրուսով վարակակիրների թիվը զգալիորեն նվազել է. Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն

«Մեր հիվանդները կիսով չափ նվազել են։ Մենք 100 մահճակալ ունեինք, որը նախկինում՝ մինչև մի երկու-երեք օր առաջ, սպասարկել է 97-98 հիվանդ, հիմա մեր հիվանդների թիվը 40-ի է հասնում»,- «Մեդիալաբին» ասում է Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանը։

Ինֆեկցիոնի ղեկավարի խոսքով՝ եթե նախկինում կորոնավիրուսի նմուշառում վերցրած 20 պացիենտից 8-10 պացիենտի մոտ էր կորոնավիրուս հաստատվում, ապա այժմ վարակը կարող է հաստատվել 2-3-ի մոտ։ 

«Դա նշանակում է, որ վարակը նահանջում է և քիչ պացիենտների մոտ է հաստատվում։ Բժիշկները սկսել են շունչ քաշել և ոչ միայն մեզ մոտ՝ և պոլիկլինիկաներում, և հիվանդանոցներում։ Որ զրուցում ենք մեր գործընկերների հետ, նույն պատկերն է, ինչը շատ ուրախալի է», -ասում է Աստղիկ Բեյբությանը։

Նրա ներկայացմամբ՝ այն հիվանդները, որոնք այժմ պառկած են ինֆեկցիոն հիվանդանոցում, ծանր վիճակում են, բայց նրանց թիվը քիչ է։ Նրանք այն պացիենտներն են, որ ուշ են դիմել բժշկի, բարդացած փուլում՝ հիմնականում մեծահասակներ։ 

«Մարդիկ երևի մտածում են՝ տանը կբուժվեն, կանցնի, ժամանակին չեն դիմում բժշկի»,- ասում է նա։

Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը իր փորձի ընթացքում պարզել է՝ մարդիկ ամաչում, քաշվում են, որ կորոնավիրուսով հիվանդ են, այդ պատճառով էլ չեն դիմում բժշկի։

«Մարդիկ կան, որ ամաչում են այդ հիվանդությունից, չեն ուզում, որ մյուսներն իմանան իրենց հիվանդության մասին։ Շատ հետաքրքիր մի բան ասեմ՝ մարդիկ կարող են դիմել պոլիկլինիկա, հիվանդանոց՝ անվճար թեստավորվելու համար, բայց փաստորեն մարդիկ կան, որ գնում են ինչ-որ մի տեղ, վճարովի ռենտգեն, ԿՏ հետազոտություն են անցնում, և երբ թոքաբորբը հաստատվում է, սկսում են զբաղվել ինքնաբուժությամբ, դեղեր են խմում, միայն թե հայտնի չդառնա։ Այդպիսի մի դեպք եղավ երեկ՝ Երևան տեղափոխեցինք մի հիվանդի, որը 8-10 օր բուժվել էր տանը, հետո վիճակը վատացել էր, դիմել էր ծանոթ բժշկի, որը նրան տանն էր բուժել, արդյունքում արդեն շնչարգելությամբ, ծանր վիճակում դիմել են բժշկի»,- «Մեդիալաբին» պատմում է Արմեն Իսահակյանը։

Նրա խոսքով՝ երկար բացատրական աշխատանքներից հետո նույնիսկ մարդիկ չեն փորձում ժամանակին, առաջին ախտանշանները զգալիս դիմել բժշկի, թեստավորվել և բուժվել։ 

«Ամաչում են կորոնավիրուսից։ Իրականում մարդիկ շատ բան են անում, և ես չեմ հասկանում, թե ինչու են ամաչում»,- նշում է Իսահակյանը։

Ինչ վերաբերում է համաճարակի տարածմանը, Իսահակյանն ասում է, որ վարակի տարածման տեմպը նվազում է․ հիվանդանոց դիմողների 18-20 տոկոսի մոտ է կորոնավիրուս հաստատվում, այն դեպքում, երբ նախկինում այդ ցուցանիշը 35 տոկոս էր կազմում։

Այստեղ նույնպես սկսել են ազատ շունչ քաշել և անցել են պլանային գործերին․ «Հիմա իրավիճակը լավ է, խնդիր չունենք և սովորական հիվանդների հոսքն ենք ապահովում։ Նախկինում մեր բուժաշխատողներն էլ էին վարակվել, այժմ ապաքինվել են ու վերադարձել են աշխատանքի, և այդ առումով խնդիր չունենք»,-ասում է Իսահակյանը: 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am