«Մեր պատանիներին կոչ եմ անում մաքուր պահել շրջակա միջավայրն ու չաղտոտել բնությունը». Վահրամ Դումանյան

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում այսօր կայացել է 2022 թվականի Եվրոպական ժառանգության օրերին նվիրված միջոցառում:

Եվրոպական ժառանգության օրերի ծրագիրն այս տարի կրում է «Կայուն ժառանգություն» խորագիրը և նպատակ ունի համախմբելու ուժերը շրջակա միջավայրի պահպանության համար պայքարում,դրա համար մեխանիզմներ մշակելու, ինչպես նաև բարձրացնելու իրազեկվածությունը պլաստիկի օգտագործման վնասակար հետևանքների վերաբերյալ:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության,գիտության,մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը,նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը,ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ,ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը,ով նաև «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի ազգային համակարգողն է,Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը,այլ պաշտոնյաներ,«Environment Group» ընկերության տնօրեն Էրիկ Գրիգորյանը:

ՀՀ կրթության,գիտության,մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը,ողջունելով ներկաներին,նշել է,որ սա հիանալի առիթ է բազմաբնույթ միջոցառումների միջոցով մեկ անգամ ևս ծանոթանալու հազարամյակների պատմություն ունեցող մեր մշակութային և բնության ժառանգությանը:Ամեն տարի Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում Հայաստանում և Արցախում անցկացվում են ավելի քան 300 միջոցառումներ,որոնք համակարգվում են ԿԳՄՍ նախարարության կողմից։

Չնայած բոլոր դժվարություններին՝ այս տարի ևս նախատեսված էին օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ միջոցառումներ՝ ցուցահանդեսներ,համերգներ,դասախոսություններ,թանգարանային առցանց շրջայցեր,բազմաբնույթ կրթական ծրագրեր, որոնք մեկ անգամ ևս փաստելու էին հայկական մշակութային ժառանգության հարատևությունը և կարևորությունը համաեվրոպական ու համաշխարհային մշակութային ժառանգության համատեքստում,սակայն այս տարվա ծրագիրն ընդհատվել էր Հայաստանի սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքով:

«Նախատեսված միջոցառումների մի մասը, այնուամենայնիվ, իրականացվեց։ Ուրախ եմ, որ հետաձգված միջոցառումներից մեկն այսօր Եվրոպական միության դեսպանության ջանքերով իրականացվում է»,-ընդգծել է նախարար Վահրամ Դումանյանը։

ԿԳՄՍ նախարարը կարևորել է այն, որ աշակերտներն այս տարիքից իմանան շրջակա միջավայրի վրա պլաստիկի վնասակար ազդեցության մասին, սովորեն տարբերակել աղբը, հասկանան շատ ծառ տնկելու և կանաչ տարածքներ ունենալու կարևորությունը: Վահրամ Դումանյանի խոսքով՝ շրջակա միջավայրի պահպանության և առանց պլաստիկի գաղափարի իրագործումն աստիճանաբար պետք է կիրառվի նաև Հայաստանի մյուս բնակավայրերում. «Սա, իսկապես, կարևոր խնդիր է:

Վերջերս մենք երկու հրաշալի հուշարձաններ ենք վերականգնել և բարեկարգել Երևան-Սևան մայրուղում՝ «Հավերժության ժապավեն» և «Արձագանք»: Ցավով պետք է փաստեմ, որ գեղեցիկ բարեկարգված հուշարձանների հարակից տարածքներում արդեն իսկ ահռելի աղբ էր կուտակվել: Այդ հուշարձանների շրջակայքում նախարարության աշխատակիցներն անգամ մաքրման աշխատանքներ են կատարել:Մեր պատանիներին կոչ եմ անում մաքուր պահել շրջակա միջավայրն ու չաղտոտել բնությունը»:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար,ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը ողջույնի խոսքում կարևորել է 2022 թվականի Եվրոպական ժառանգության օրերը հենց «Խոսրովի անտառ» պետական արգելոցում նշելու հնարավորությունը:

«Փորձում ենք գաղափարներ մշակել, թե ինչպես զարգացնել բնապահպանության, շրջակա միջավայրի պահպանության ծրագրերը և պայքարել պլաստիկի դեմ: Հիմա, իսկապես, այնպիսի ժամանակներ են, որ մենք պետք է ամեն կերպ պաշտպանենք մեր շրջակա միջավայրը:

Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է, որտեղ կան պատմամշակութային ժառանգության հրաշալի կոթողներ, այստեղ բնությունը ևս հիանալի է: Շատ եմ տխրում, երբ Հայաստանի գեղատեսիլ վայրերում տեսնում եմ մեծ քանակությամբ պլաստիկ՝ աղբի տեսքով»,- ասել է Անդրեա Վիկտորինն ու նշել՝ «Վեդին առանց պլաստիկի» արշավի շրջանակում իրենք ստեղծել են բազմակի օգտագործման տոպրակներ,որոնք նախատեսում են տրամադրել Վեդիի բնակիչներին՝ նպատակ ունենալով, որ դրանք կնպաստեն պլաստիկի դեմ պայքարին:

«Environment Group» ընկերության տնօրեն Էրիկ Գրիգորյանի փոխանցմամբ՝ թեև ծրագրի մեկնարկը տրվել է Վեդիում, բայց այն կշարունակվի նաև Հայաստանի մյուս բնակավայրերում. «Մենք հազարամյակներով ապրում ենք այս տարածաշրջանում, պետք է այնպես անենք, որ մեր հողը մաքուր լինի: Ցավոք, պլաստիկը տարիներով մնում է այդ հողի վրա: Ծրագիրը սկսել ենք Վեդիից, քանի որ սա նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքն է»:

Արգելոցն աշխարհի ամենահին պահպանվող տարածքներից մեկն է և ունի շուրջ 1700 տարվա պատմություն: Այն հիմնադրվել է 4-րդ դարում (334-338 թթ.) Հայաստանի թագավոր Խոսրով Կոտակի հրամանով: 1958 թվականի սեպտեմբերին այն դարձել է պետական արգելոց​​ և ընդգրկում է շուրջ 23213.5 հա տարածք, գտնվում է ծովի մակարդակից 700-2800 մ բարձրության վրա:

Միջոցառման ավարտին հյուրերը ծառատունկ են իրականացրել ««Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ում՝ հիմք դնելով սոճիների պուրակի: