Իրավիճակը պատերազմին հասցնելը, կամ պատերազմում պարտվելը իշխանական, կառավարման համակարգի ընդհանուր ձախողման արդյունք են․ Բորիս Նավասարդյան

«Երևանի մամուլի ակումբի» ղեկավար Բորիս Նավասարդյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

44-օրյա պատերազմում պարտության մանրամասն ուսումնասիրությունը բոլոր առանձին վերցրած խնդիրներով եւ դրվագներով խիստ անհրաժեշտ է։ Առանց նման գործընթացի պետականության զարգացման եւ անվտանգության ապահովման նպատակը անհասանելի է դառնալու։

Սակայն անկախ այդ մանրամասներից եւ դրվագներից գլխավոր եզրակացությյան վերաբերյալ պիտի որ արդեն կասկածներ չլինեն։ Հայաստանը պարտվել Է ոչ թե այն պատճառով, որ «Իսկանդերները» չեն կիրառվել, կամ «պայթել են 10 տոկոսով», որ ՍՈՒ-30-ները օդ չեն բարձրացել, որ մոբիլիզացիոն ռեսուրսը բավարար չի օգտագործվել եւ այլն՝ դրանք բոլորը ոչ թե պատճառներ են, այլ հետեւանք։

Իսկ պատճառը նրանում էր, որ կազմակերպվածությամբ, կառավարման արդյունավետությամբ, կոմպետենտությամբ, ռազմավարական տեսլականով Հայաստանը զիճել էր հակառակորդ(ներ)ին։ Եւ դա վերաբերում է ոչ միայն բանակին, կամ դիվանագիտության, այլ ամբողջ պետությանը։

Իրավիճակը պատերազմին հասցնելը, կամ պատերազմում պարտվելը չեն կարող դիտարկվել լոկ առանձին գերատեսչությունների պատասխանատվության ներքո, դրանք իշխանական, կառավարման համակարգի ընդհանուր ձախողման արդյունք են։

Հետեւաբար նաեւ պատերազմի ընդհատումը խաղաղություն հաստատման, հաղորղակցության ապաշրջափակման, տարածաշրջանային համագործակցության համար օգտագործելը պետությունից ոչ պակաս կազմակերպվածություն, կառավարման արդյունավետություն, կոմպետենտություն եւ ռազմավարական տեսլականի առկայություն են ենթադրում։

Թվարկածի բացակայությունը հետպատերազմյան գործընթացներում նոր պարտությունների ակնհայտ վտանգներ է պարունակում։ Ասածս չպիտի ընկալվի այն իմաստով, որ պարտվել եւ Հայաստանը շարունակվող ձախողումների ռիսկի առաջ է կանգնեցրել մեր որդեգրած պետականության մոդելը։

Պատճառը է՝ այդ մոդելի իրացման որակն է, դրա հիմքում ընկած արժեքների եւ սկզբունքերի խեղաթյուրումը։ Այս սուր թեմայով ավելի զուսպ, մեղմ արտահայտվելը հնարավոր չէր…