ՀՀ վարչապետը խոսել է ՍՈՒ-30ՍՄ կործանիչների նոր գնումների մասին

Հայաստանը մտադիր է Ռուսաստանի Դաշնության հետ զարգացնել ընդլայնված և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցություն, ինչը բխում է երկու պետությունների երկարաժամկետ ռազմավարական շահերից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողի հարցին, թե նախատեսում է արդյոք Հայաստանը շարունակել ռուսական զենքի, մասնավորապես, ՍՈՒ-30ՍՄ կործանիչների և դրանց համար նախատեսված սպառազինության գնումները, ՀՀ վարչապետը դրական պատասխան է տվել՝ նշելով, որ Հայաստանը խիստ շահագրգիռ է Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի մյուս դաշնակիցների հետ ունենալ ժամանակակից և համատեղելի սպառազինություն և զինամթերք:

«Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում միջպետական երկկողմ համաձայնագրերին համապատասխան ստեղծվել և գործում են հայ-ռուսական երկու խմբեր` Միացյալ զորախումբը և Կովկասյան տարածաշրջանում հավաքական անվտանգության հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգը, եւ, բացի այդ, երկու երկրներն էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետություններ են, որի ձեւաչափով ստեղծվել են նաեւ զորքեր եւ միավորված զորամիավորումներ, հասկանալի է, որ Հայաստանը խիստ շահագրգիռ է Ռուսաստանից մատակարարումների հարցում, որպեսզի ունենա ժամանակակից և համատեղելի, առաջին հերթին, Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի մյուս դաշնակիցների հետ, սպառազինություն և զինամթերք:

Ձեր նշած մոդելի ինքնաթիռների վերաբերյալ նույնպես դրական պատասխան կտամ, քանի որ դրանք ժամանակակից բազմաֆունկցիոնալ կործանիչներ են, և դրանց գնումը նախատեսված է ինչպես մեր երկկողմ պայմանագրային փաստաթղթերով, այնպես էլ զինված ուժերի զարգացման ազգային ծրագրով»,- ասել է Փաշինյանը: