Մանրամասներ՝ Գլխավոր շտաբի պետի և ռազմագերիների հարազատների հանդիպումից

Ապրիլի 9-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանդիպել է սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում գերեվարված և անհայտ կորած համարվող զինծառայողների ծնողներին և հարազատների հետ։

Հանդիպման ընթացքում գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ներկայացրել է իրականացվող որոնողական աշխատանքներին առնչվող մանրամասներ, պատասխանել հնչեցված հարցերին։

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հավաստիացրել է, որ բարձրացված խնդիրները մշտապես գտնվում են երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում և, այդ թվում նաև պաշտպանական գերատեսչության իրավասությունների շրջանակում, արվում է առավելագույնը` գերեվարված զինծառայողների վերադարձն ապահովելու, անհայտ կորած համարվող զինծառայողների ճակատագրերը օր առաջ պարզելու, աճյունները հայտնաբերելու և նույնականացնելու ուղղությամբ։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել դրանք պարբերական դարձնելու վերաբերյալ:

Հիշեցնենք՝ Պաշտպանության նախարարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորածների և գերեվարվածների ծնողները: Նրանք արգելափակել էին նախարարության մուտքերը, ինչի հետևանքով նախարարության աշխատակիցները ուղղաթիռով էվակուացվել էին: