Ինչո՞ւ էր Կապանի բնակչին «Յանդեքս» հավելվածն առաջարկել ադրբեջանական քարտեզ. Fip.am

FIP.am – «Հրապարակ» օրաթերթը ապրիլի 7-ին հրապարակած ռեպորտաժում, հայտնել էր, որ Կապանի բնակիչներից մեկը, փորձելով օգտվել «Յանդեքս» տաքսի ծառայության հավելվածից, ստացել է պահանջ ներբեռնել Ադրբեջանի քարտեզը։ 

«Կապանի բնակիչներից մեկը փորձել է «Յանդեքս» հավելվածի միջոցով տաքսի պատվիրել և նրան եկել է հրահանգ, որ ծառայությունը հասանելի կլինի միայն Ադրբեջանի քարտեզը ներբեռնելուց հետո», — ասվում էր տեսանյութում։

Հրապարակի լրագրողը կապ էր հաստատել նաև «Յանդեքսի» հայաստանյան գրասենյակի հետ, որտեղից հայտնել էին, որ խնդրի մասին լսում են առաջին անգամ և խոստացել էին ստուգել։

Քանի որ ռեպորտաժը մեծ տարածում է ստացել, «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց գնալ դրա հետքերով։ 

Fip.am-ը կապ հաստատեց «Յանդեքսի» տարածաշրջանային տնօրեն Ավետիս Գասպարյանի հետ, որը հայտնեց, որ տեղի ունեցածում ոչ մի տարօրինակ բան չկա։ «Մեր նավիգատորի աշխատանքի սկզբունքում ոչ մի փոփոխություն չկա»,- նշեց նա։ 

Գասպարյանի խոսքով՝ հավելվածում այլ երկրի քարտեզ ներբեռնելու առաջարկի հիմք կարող է լինել, օրինակ, այլ երկրի սահմանին մոտ գտնվելը, և հավելվածն ավտոմատ առաջարկում է տվյալ երկրի քարտեզը ներբեռնել, որպեսզի կարողանա առաջարկել այլ ճանապարհներ ևս։ «Դա քարտեզային ծառայություններ առաջարկող բոլոր պրովայդերների մոտ ընդունված պրակտիկա է, որպեսզի սահմանին մոտենալուն պես այլ երթուղիների առաջարկներ ունենաք։ Դա վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին, այլև Հայաստանի մյուս հարևաններին», — պարզաբանեց Ավետիս Գասպարյանը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես է ստացվում, որ հավելվածում Հայաստանի քարտեզը ներբեռնելու անհրաժեշտություն չի առաջանում, ընկերության տնօրենը պատասխանեց, որ կախված նրանից, թե որ երկրից է ներբեռնվում հավելվածը, դրանում արդեն իսկ ներառված է տվյալ երկրի քարտեզը։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Փաստերի ստուգման հարթակի» հետ զրույցում ևս նշեց, որ սահմանին մոտ գտնվող սարքերի դեպքում սա նորմալ երևույթ է և դրանում խուճապի որևէ հիմք չկա։ «Նույնը կարող է լինել Հայաստանի մյուս հարևան երկրների սահմաններին մոտ։ Ավելին՝ նույն այդ երկրների տարածքից էլ հնարավոր է Հայաստանի քարտեզի ներբեռնման պահանջ լինի քարտեզային ծառայություններ տրամադրող հավելվածների կողմից»,- հայտնեց մեդիափորձագետը։

Այսպիսով փաստենք, որ Կապանի (և ոչ միայն) բնակչի հեռախոսում «Յանդեքս» հավելվածում Ադրբեջանի քարտեզը ներբեռնելու առաջարկում արտառոց ոչինչ չկա և կապված է բացառապես սարքի (հեռախոս, պլանշետ, համակարգիչ և այլն) աշխարհագրական դիրքով, կամ այլ կերպ ասած՝ սահմանին մոտ գտնվելու հանգամանքով։