«Պատերազմի հեղինակը Թուրքիան է, որին կարող են զսպել միայն աշխարհակալ պետությունները՝ Ֆրանսիա, ԱՄՆ, Ռուսաստան». Հյուսնունց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական – հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը

– Արդեն երրորդ հումանիտար հրադադարի մասին է հայտարարվում, որը, ինչպես նախորդ երկուսը, չի պահպանվում: Տեսնում ենք, որ Ադրբեջանի զինուժը գրոհով փորձում է դիրք գրավել, նաև խաղաղ բնակավայրերին են հարվածում, այդ թվում՝ «Սմերչով»:

– Այո՛, Մաճկալաշեն գյուղի վրա էլ են մեծ արկեր գցել: Բացի այդ, Մարտունիի և Քաշաթաղի հատվածներում լոկալ մարտեր են ընթանում: Առաջին հրադադարը 10-15 րոպե տևեց, երկրորդը ևս 10-15 րոպե տևեց: Իհարկե հայկական կողմը միանշանակ կողմ է հրադադարին: Կողմ են նաև համանախագահները:

– Եթե հրադադար հայտարարելուց հետո ադրբեջանական զինված ուժերը «Սմերչ» համակարգից Մարտունու Զարդարաշեն գյուղին են խփում, նաև շարունակում մարտական գործողությունները, սա ինչի՞ մասին է խոսում:

– Ըստ էության, բոլորը կողմ են հրադադարին, Ադրբեջանը նույնպես, պատասխանատու լինելով իր ստանձնած պարտավորությանը, կողմ է արտահայտվում, բայց կրակի դադարը կարող է նորից տեղի չունենալ, որովհետև գլոբալ, լոկալ ու տակտիկական առումներով պատերազմի հեղինակը ոչ թե Ադրբեջանն է, այլ Թուրքիան: 

Իսկ Թուրքիային ձեռնտու չէ հրադադարը: Իրականում Թուրքիան թքած ունի Ադրբեջանի որևէ դիրքորոշման վրա, նրանք հրահրում են Ադրբեջանին, որ չպահպանի հրադադարի ռեժիմը: 

Բանն այն է, որ թուրքերն այսօր բոլոր քաղաքական որոշումների կոնցեպտից դուրս են: Իրականում նրանք են տարածաշրջանում կառավարում Ադրբեջանի բոլոր քաղաքական ու ռազմական գործողությունները:

– Մենք տեսնում ենք, որ Էրդողանն անգամ ԱՄՆ-ի վրա մատ թափ տվեց և սպառնալիքներ հնչեցրեց՝ կապված իր նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հետ:

– Ես այդ սպառնալիքները Թուրքիայի դիրքորոշումների կոնտեքստում եմ նայում, որ այս պատերազմում թուրքական նախագիծն է աշխատում, և դա պարզից էլ պարզ է: Համանախագահներն ավելի շատ այդ կետին պետք է ուշադրություն դարձնեն: Եթե գործն այսօր մնար Հայաստան-Ադրբեջան-Արցախ հարթության մեջ, կարծում եմ՝ շատ վաղուց մենք կարող էինք արդեն բանակցությունների շուրջ քննարկել մեր հետագա անելիքները: 

Ի վերջո, բոլոր պատերազմներն էլ, բոլոր խնդիրներն էլ լուծվում են խաղաղ ճանապարհով և սեղանի շուրջ: Էրդողանի այդ հոխորտանքը ցույց է տալիս, որ Թուրքիան իր նպատակին չի հասել, և ամեն ինչ անում է, որ ապակայունացնի իրավիճակը: 

– Այդ դեպքում ո՞վ կարող է զսպել Թուրքիային:

– Թուրքիային կարող են զսպել միայն աշխարհակալ պետությունները՝ Ֆրանսիա, ԱՄՆ, Ռուսաստան:

– Փաստորեն Թուրքիայի հասցեին հնչող սաստող հայտարարությունները բավարար չե՞ն:

– Դե հիմա, բավարար են, թե ոչ, փաստը սա է, որ արդեն երրորդ հումանիտար հրադադարն են հայտարարում, որը լիարժեքորեն չի գործում: Տեսնենք, թե հոկտեմբերի 29-ին Շվեյցարիայում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից ի՛նչ արդյունքներ ենք ունենալու: 

Բայց նորից եմ ասում, որ սրանք ավելի շատ գլոբալ, տարածաշրջանային խնդիրներ են, որոնք շատ քիչ աղերս ունեն Արցախի հետ: 

Արցախը դարձել է այն կետը, որտեղ բախվում են աշխարհաքաղաքական շահերը: Մեր նպատակն է, որ այդ խաղերի զոհը չդառնանք, մեր սահմանները պաշտպանենք հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով:

Մանե Հարությունյան

MediaLab.am