«Զարմանալի է, թե Հայաստանի իշխանություններն ինչո՛ւ են այսքան ատում Հայաստանի քաղաքացիներին». Ժաննա Ալեքսանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

– Տիկի՛ն Ալեքսանյան, ինչպե՞ս եք գնահատում Ժիրայր Սեֆիլյանին 10 տարի 6 ամսվա ազատազրկման դատապարտելու վճիռը։ Փաստաբանների գնահատմամբ՝ սա քաղաքական վճիռ էր։

– Ես էլ եմ վստահ, որ քաղաքական որոշման արդյունքում է նման վճիռ կայացվել։ Սա քաղաքական հետապնդում է Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ։ Նրան արդարացման վճիռ պետք է կայացնեին և ազատ արձակեին։ Սա պարզապես հաշվեհարդար էր հանրությանը հայտնի պատճառներով։ Ես կարծում եմ, որ հենց Սեֆիլյանը բացահայտեց 800 հա տարածք կորստի մասին, ինչի մասին իշխանությունը մինչ այդ լռում էր, դրա և դրա շուրջ ծավալված գործողությունների պատճառով Ժիրայր Սեֆիլյանին փակեցին։ Սա քաղաքական հաշվեհարդար էր։ Ըստ էության՝ իշխանության ցուցումով անմեղ մարդիկ փակվեցին։

– Անակնկա՞լ էր նման մեծ պատժաչափով նրան դատապարտելը։

– Նման աղմկահարույց դատերը այսպիսի ավարտ են ունենում, քանի որ զուտ քաղաքական որոշման արդյունքում են որոշումներ կայացվում։ Սկսում ես մտածել, որ Հայաստանի ամբողջ դատական համակարգը կախված է մեկ մարդու ցուցումից։ Անհեռանկար է, որ Հայաստանում դատական համակարգը կփոխվի, ինչ-որ բան կփոխվի։ Արդարադատության երաշխավորը, ըստ Սահմանադրության, Սերժ Սարգսյանն է, և նա ինչպես ուզում, շուռ է տալիս ամբողջ դատական համակարգը։

– Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո շատերը, այդ թվում՝ բազմաթիվ իրավապաշտպաններ, լիահույս էին, որ որոշակի փոփոխություններ կլինեն դատական համակարգում։ Փաստորեն այսպիսի վճիռներով ապացուցվում է, որ չկա այդ փոփոխություններին գնալու կամքը։

– Այդ կամքը չկա, և անգամ դրա նշույլը չկա։ Անմեղ մարդկանց, այդ թվում՝ Ներսես Պողոսյանի նկատմամբ մենք տեսնում ենք ինչպիսի վճիռ կայացվեց՝ երեք տարի և վեց ամիս ազատազրկում, այն դեպքում, երբ նա հիվանդ մայր և երեք երեխա ունի։ Եվ առանց ապացույցների, բացարձակ անմեղ մարդու նկատմամբ նման դատավճիռ, այսինքն՝ ուզում ենք, այսպես ենք անում, ում ուզենք` կփակենք, ոնց ուզենք` կանենք։ Այսպիսի իրավիճակ է։ Դատարանը դարձել է ձևական ֆուտլյար, որտեղ որևէ ապացույց չեն ներկայացրել, որ ապացուցեին, որ այս մարդիկ կատարել են այս հանցագործությունը։ Ես զարմանում եմ, թե ինչու են Հայաստանի Հանրապետության իշխանություններն այսքան ատում ՀՀ քաղաքացիներին, անմեղ մարդկանց ինչի համար են փակում։

– 10,6 տարի դատավճիռը, ըստ էության, աննախադե՞պ էր։

– Երբ ձերբակալել էին, հասկանալի էր, որ այդ հաշվեհարդարը կլիներ։ Ամեն ինչ շատ հետևողական և մանրամասնությամբ էր արված։ Դատավորը բավականին ամբարտավան կեցվածք ուներ, անհարգալից էր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի և մյուսների նկատմամբ։ Ժիրայր Սեֆիլյանն այդպես էլ խոսքի իրավունք չստացավ, քանի որ նստած էր ուզում խոսել, և ամեն վայրկյան պատժամիջոցներ էին կիրառում Սեֆիլյանի նկատմամբ։ Այսինքն՝ դատավորը պահում էր հատուկ ստացած ցուցումը։ Գիտեք, որ այս դատավորը բոլոր քաղաքական դատավարությունների հեղինակ տխրահռչակ Մնացական Մարտիրոսյանի օգնականն էր, նա լավ սերտել էր դասերը, և հիմա նրան նշանակել էին Սեֆիլյանի և մյուսների գործով դատավոր, որը նա այսպիսի ավարտով հանձնեց, այսինքն՝ վատ վերաբերմունքով և դատավարական բազմաթիվ անգրագետ խախտումներով։

– Նման դատավորների ընտրությունը այսպիսի գործերին, կարծում եք, միտումնավո՞ր էր։

– Այո՛, իհարկե։ Դատավորն ընտրված էր, և նա իր պատվերը կատարեց մեծ սիրով և համակ ուշադրությամբ՝ չշեղվելով իշխանության ցուցումներից։ Շատ տխուր է պատկերը։ Հասկանում ես՝ ինչո՞ւ են մարդիկ գնում երկրից։ Սեֆիլյանը սիրված անձնավորություն է, մեծ հեղինակություն ունի, և, բացի այդ, նրա հեղինակությունը կարծես խանգարում էր իշխանությանը, և որոշեցին նրան փակել։

– Տիկի՛ն Ալեքսանյան, Սերժ Սարգսյանը չի բացառել, որ կարող է առաջադրվել վարչապետի պաշտոնում։ Ըստ էության՝ նա նպատակ ունի այս ամբողջ ընթացքում, քանի իշխանության է, փակի տակ պահել Ժիրայր Սեֆիլյանին։

– Այո՛, որքան ուզում` այնքան փակում են։ Եվ որքան խիստ պատիժ, այնքան Սերժ Սարգսյանն իրեն լավ է զգում։

– Տարիներ հետո ՄԻԵԴ-ում հերթական վճիռներն են լինելու ՀՀ-ի դեմ։

– Ի դեպ, կարծիքներ կան, որ ՄԻԵԴ-ն այս գործը կարող է շատ արագ քննել։ Գիտեք, որ երբ Ժիրայր Սեֆիլյանին Սերժ Սարգսյանն առաջին անգամ փակեց, ՄԻԵԴ-ում Ժիրայր Սեֆիլյանն արդարացվեց։ ՀՀ-ն Ժիրայր Սեֆիլյանի գործով պարտվել էր ՄԻԵԴ-ում։ Հիմա Սերժ Սարգսյանը նրան տասը տարով որոշեց փակել։ Եթե էդպես իրենց լավ են զգում, թող լավ զգան, ինչ ասեմ։

Մանե Հարությունյան

MediaLab.am