ՌԴ-ում կոնյակի իրացման խնդիրները կարգավորվել են. մանրամասնում է Արտակ Քամալյանը

Ռուսաստանում, օրենսդրական փոփոխություններով պայմանավորված, կոնյակի և գինու իրացման խնդիրները համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում են: Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամուրջի ժամանակ ԵԱՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերության նախարար Արտակ Քամալյանը տեղեկացրեց, որ ՌԴ-ի համապատասխան գերատեսչությունը կոնյակի հետ կապված տվել է պարզաբանում և այսօր ՌԴ-ում կոնյակի իրացման հետ կապված խնդիր չկա:

«Խաղողագործության և գինեգործության մասին» ՌԴ օրենքի փոփոխություններն ընդունվել են 2019 թվականի դեկտեմբերին, ուժի մեջ են մտել 2020 թվականի հունիսին: Այդ փոփոխությունները չեն վերաբերում միայն ԵԱՏՄ անդամ երկրների գինեգործներին, առնչվում են նաև ՌԴ-ի արտադրողներին: Արտակ Քամալյանի խոսքով, հիմնական խնդիրն այն է, որ նոր օրենքով գինի կարող է համարվել միայն այն արտադրանքը, որը պատրաստված է խաղողից: Եթե պատրաստված է, ասենք, նռից, ծիրանից կամ այլ տեսակի մրգերից, ապա գինի կոչվել չի կարող:

«Հայկական կողմից փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այս հարցը նախորդ տարի մի քանի անգամ բարձրաձայնել է, և քննարկումներից հետո արդեն 2020-ի աշնանը հանձնարարություն եղավ համապատասխան կառույցներին: Կոնյակի իրացման հետ կապված արդեն խնդիր չկա: Ինչ վերաբերում է մրգային գինիներին, ապա այստեղ ևս ակնկալվում է հանձնարարական համապատասխան գերատեսչությանը: Հույս ունենք, որ կարճ ժամկետում անհրաժեշտ պարզաբանումներ կլինեն: Ես կարող եմ ասել, որ մեր հանձնաժողովի համապատասխան բլոկը հարցում է ուղարկել ՌԴ կառավարությանը, որպեսզի հասկանանք, թե խնդրի լուծումը որ մակարդակի վրա է: Ակնկալում ենք, որ հարցը դրական կկարգավորվի և ԵԱՏՄ անդամ երկրների արտադրողներն իրենց ապրանքը կարող են հետագայում էլ իրացնել ՌԴ շուկայում»,-հավելեց Արտակ Քամալյանը: