Երևանում շաբաթօրյակ է, Հրազդանի կիրճ տանող ճանապարհները կփակվեն

Հեղինակ MediaLab

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը և «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը այսօր՝ ապրիլի 17-ին կազմակերպում են շաբաթօրյակ։

Մաքրվելու է Հրազդանի կիրճը՝ Հաղթանակ կամրջից մինչև Դավթաշենի կամուրջ: Սկիզբը՝ ժամը 10։00։ Մասնակիցները կբաժանվեն տարբեր խմբերի ու կաշխատեն առանձին ուղղություններով։

Մեկնարկային կետերն են՝

  • Մանկական երկաթուղու մուտքի մոտ (Ուրուգվայի հրապարակի կողմից)
  • Հրազդանի կիրճում գտնվող «Պրինցեսա Մարիաննա» ռեստորանային համալիրի հարակից տարածք (Հալաբյան փողոցի կողմից)
  • Դավթաշեն կամրջի տակ (Արաբկիր զբոսայգու (Մոլոկանի այգու) կողմից)

Մասնակիցները կընտրեն իրենց հարմար վայրը, կմոտենան տեղում գտնվող մեր աշխատակիցներին, կստանան անհրաժեշտ պարագաները՝ ձեռնոց, տոպրակ, և՝ ի գործ։

Հավաքված աղբից տեղում կտեսակավորվի թուղթը, պլաստիկն ու ապակին և կուղարկվի վերամշակող կազմակերպություններին, իսկ չվերամշակվող մասը կտեղափոխվի աղբավայր:

Երեւանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Հրազդանի կիրճում նախատեսվող սանիտարական մաքրման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 17-ին՝ ժամը 9:30-ից 17:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Հրազդանի կիրճ տանող բոլոր 4 ճանապարհներով: Երթևեկությունը նշված ժամերին կդադարեցվի նաև Կիրճի ներսում:

«Քաղաքապետարանը պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը», -ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: