Մոբը եղել է թղթի վրա, անպատրաստ, թող հետաքննեն՝ ինչո՞ւ մոբը պատրաստ չի եղել. Սամվել Բաբայան. տեսանյութ

Հայաստանում նախկինում բանակով չեն զբաղվել, բանակը սարքել էին դիլետանտների ինչ-որ մի բան, որ իրենց շահերը սպասարկեին: Այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, պատերազմի ժամանակ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը:

Նրա խոսքով, մոբիլիզացիոն ջոկատը անպատրաստ է եղել: «Հավաստիացնում եմ, որ մոբի տղաները չգիտեին՝ որ զորամաս են ընկնում, որտեղ են գնալու, որ ղեկավարի ենթակայությամբ են լինելու, և դա այն դեպքում, երբ ամեն տարի մոբը հավաք է ունեցել ու վառելիքն էլ, ուտելիքն էլ դուրս է գրվել», -հարցազրույցում ասել է Բաբայանը՝ անհրաժեշտ համարելով, որ քննություն իրականացնող քննիչները մոբի մասով հետաքննություն իրականացնեն ու պարզեն՝ ինչ են արել ամեն տարի, մոբի հավաք եղե՞լ է, թե ոչ:

Ըստ Բաբայանի, այն, որ մոբը թերացել է, Գլխավոր շտաբի պետի մեղավորությունն է: «Մենք մոբ ունեցել ենք թղթի վրա ու շատ անպատրաստ: Էսօր մարդկանց մեղադրում ու դատում են փախչելու համար, թող հետաքննեն, ճշտեն՝ ինչու է անպատրաստ եղել, որ փախել է, նոր դատեն», -հայտարարել է Բաբայանը: