«Վարորդները կաշառք են տալիս տեսուչներին». բարձրացված տուգանքների չափը՝ նպաստավոր հող կոռուպցիայի համար

«Վարորդները կաշառք են տալիս տեսուչներին».  բարձրացված տուգանքների չափը՝ նպաստավոր հող կոռուպցիայի համար
«Վարորդները կաշառք են տալիս տեսուչներին». բարձրացված տուգանքների չափը՝ նպաստավոր հող կոռուպցիայի համար

«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության ՀԿ-ն հունիսի 1-ից երթեւկության կանոնների փոփոխությունները եւ բարձրացված տուգանքների չափը դիտարկում է որպես «գումարների հավաքագրում»:
ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը նշում է, որ բարձրացված տուգանքների հետեւանքով վերջին մեկ ամսվա կտրվածքով մեծացել են կոռուպցիոն ռիսկերը:
«Վարորդներից մենք թեժ գծով զանգեր ենք ստանում, ովքեր ասում են, որ կաշառք են տալիս տեսուչներին: Դա պայմանավորված է նրանով, որ վարորդը, տեղյակ չի լինում տվյալ խախտման համար տուգանքի չափից, տեսուչն էլ ինչ գումար ուզում՝ ասում է: Դե վարորդն էլ տեսնելով, որ 30 հազար դրամի տուգանք է իրեն սպասում, մտածում է 5000 դրամ այդ պահին տա՝ հեռանա»,- ասում է Հովհաննիսյանը:
Նա նշում է, որ մեքենան արգելված վայրում կայանելու համար տուգանքի բարձրացումը (80 հազար դրամ) անհիմն է:

«Եթե մեքենայի տեղափոխումը էվակուատորով կազմում է 10 հազար դրամ, կայանելը 10 հազար, ինչու՞ եք տուգանում 80 հազար, այդքան բարձր,-ասում է Հովհաննիսյանը,-Պետական մարմինն այսօր կատարում է մի գործ, որից ունի հավելավճարներն ստանալու ակընկալիք»:

Ըստ նրա՝ շատ են դեպքերը նաեւ փողոցում տեղադրված, բայց չերեւացող նշանների հետեւանքով արձանգարված խախտումների թվի:

«Նշանը, որ տեղադրված է դպրոցի մոտ 40 կմ/ժ արագությունը չգերազանցելու համար, տեսանելի չի եղել վարորդներին եւ նրանք երթեւեկել են 60 կմ/ժ արագությամբ: Մինչդեռ ըստ կառավարության 16. 99 որոշման՝ նշանները պետք է տեսանելի լինեն 100 մետր հեռավորությունից, բայց այստեղ 10 մետրից էլ չի երեւում: Իսկ ոստիկաններն այս փաստը անտեսում են»,- նշում է Հովհաննիսյանը եւ հավելում, որ արդեն 35 դիմում ուղարկել են ճանապարհային ոստիկանություն խախտումները անվավեր ճանաչելու համար:

Ըստ Հովհաննիսյանի, 70 դատական գործ դեռեւս ընթացքի մեջ է:

© Medialab.am