77-ամյա կնոջը սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա որդին. Կապանի ոստիկանների բացահայտումը․ տեսանյութ

Դեկտեմբերի 13-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կապանի Ստեփանյան փողոցի 8-րդ շենքի բնակարաններից մեկում սպանված մարդ կա: Ահազանգով դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր, փորձաքրեագետ ու դատաբժիշկ։ Բնակարնում հայտնաբերվեց 77-ամյա տանտիրուհու դին՝ բռնության ակնհայտ հետքերով: Տեղում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Կապանի ոստիկանները պարզեցին կատարվածի մի շարք հանգամանքներ՝ բացահայտելով առանձնապես ծանր հանցագործությունը։

Ահազանգից մեկ ժամ անց կասկածանքով բաժին բերման ենթարկվեց սպանվածի 42-ամյա որդին, որը ներկայացվեց տարածքային քննչական մարմնին ու ձերբակալվեց: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դեպքի հանգամանքներն ու շարժառիթը պարզվում են՝ սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում։

Այդ մասին հայտնում են Ոստիկանությունից։