«Այս իշխանությունը հասարակությանը տհաճ ինֆորմացիան չի ասում, որ պետք է պատերազմենք, որ, այո՛, առիթի դեպքում պետք է զոհ տանք»․ Ռազմական փորձագետ

Լուսանկարը՝ «Ֆակտոր»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը

– Պարոն Հակոբյան, օրերս Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին: Ձեր կարծիքով՝ կա՞ այդպիսի հավանականություն այն դեպքում, երբ Ալիևն ասում էր, որ իրենք ռազմական գործողությունների չեն դիմելու, բայց պետք է դրան պատրաստ լինեն:

– Նոյեմբերի 9-ի հայտարարությունն այդ առումով ոչ մի բան էլ չի նշանակում, և, իհարկե, կա ռազմական գործողությունների վերսկսման հավանականություն, ինչը կարող է լինել, եթե աշխարհաքաղաքական դասավորումները թույլ տան թուրք-ադրբեջանական կողմին այդպես վարվել: Այդ վտանգը միանշանակ կա:

– Այսինքն՝ Ալիևը փորձում է զուտ միջազգային հանրության աչքին ցույց տալ, թե չի՞ փորձում ռազմական գործողությունների դիմել:

– Այո, իհարկե: Ադրբեջանական դիվանագիտությունն այնքան ճկուն է վարվում, իսկ մեր դիվանագիտությունը նույնիսկ ոչ թե ճկուն չէ, այլ բացակայում է, որ Ալիևն ըստ իրավիճակի ցանկացած հայտարարություն անում է, թեկուզ իրար հակասող:

Նայած իրավիճակին՝ կամ մի տեսակետն է առաջ տալիս, կամ մյուսը: Մենք ԱԳՆ չունենք էլ, որ արձագանքի նրանց: Մենք, ցավոք, ինքնահոսի ընկած գնում ենք:

– Երասխի ուղղությամբ լարվածությունն արդյոք ռազմական գործողությունների վերսկսման մասի՞ն է խոսում: Դա ի՞նչ ռազմավարական նշանակության հատված է, որ հենց Երասխից են կրակոցները:

– Առիթի դեպքում չի բացառվում ցանկացած զարգացում: Սա կարող է լինել ընդամենը, այսպես ասած, լարման լոկալ օջախ, օրինակ, ինչպես 2014-2015 թվականներին, երբ լարեցին, լարեցին, հետո եղավ Ապրիլյան պատերազմը: Նույնը կարող է այստեղ լինել, կամ առիթի դեպքում լրջանալ: Այսինքն՝ թշնամին ինքը ոչ մի ռիսկի չենթարկվելով, համենայնդեպս, միշտ հարվածում է մեզ:

Ռազմավարական նախաձեռնությունն իր ձեռքին է, ինքն է որոշում՝ պատերազմ կսկսի, կավարտի և այլն: Հիմա, համենայնդեպս, Երասխում լարվածություն է պահում: Պետք եղավ՝ այդ լարումը կավելացնի, պետք եղավ՝ կթուլացնի: Դու ոչինչ ես ձեռնարկում, ցավոք:

– Այսինքն՝ կարող է լարվածություն լինել Երասխում, հետո՝ այլ վայրերում, այդ թվում՝ Արցախո՞ւմ:

– Արցախում մի փոքր քիչ հավանական է՝ կապված ռուսական զորքերի ներկայության հետ: Այնտեղ մի քիչ այլ չափանիշներ են պետք, որպեսզի պատերազմ բռնկվի, իսկ Հայաստանի սահմաններին այսօր ավելի հավանական է իրավիճակի լարում:

– Ադրբեջանական ու հայկական կողմերն այս պահին պատրա՞ստ են ռազմական գործողությունների:

– Շատ բարդ հարց եք տալիս, որովհետև վերջին պատերազմի ոճը, կորուստների մասին տեղեկությունները հասանելի չեն: Հիմնականում հայկական կողմի կորուստները հասկանում ենք, որովհետև մի կողմից ինֆորմացիան այնքան էլ փակ չէ, մյուս կողմից էլ՝ տեսանյութերն ու տեղեկատվությունն ավելի շատ են: Բայց մենք հստակ չգիտենք Ադրբեջանի կորուստները: Համենայնդեպս, ես չէի պնդի, որ ադրբեջանական կողմը դրոշները պարզած, հաղթական վիճակում է գտնվում: Ըստ գնահատականների՝ նրանք առնվազն 10 հազար զինվոր են կորցրել վերջին պատերազմում: Այդ թիվը որոշ գնահատողներ հասցնում են 20 հազարի: Նրանք նաև լուրջ զինամթերք ու սպառազինություն են ծախսել, և իրենց բանակն էլ այնքան թարմ վիճակում չէ, ինչքան իրենք ձգտում են ցույց տալ:

Երկրորդ՝ մենք չգիտենք հայկական բանակի համալրումներն այսօր: Դա փակ ինֆորմացիա, և այդ առումով ևս չենք կարող կանխատեսում անել: Ուղղակի ի վնաս հայկական կողմի շատ լուրջ խոսում է բարոյալքման մակարդակը, վախեցածությունը պատերազմից, ինչպես նաև հասարակության դեգրադացվածության մակարդակը:

Հասարակությունը պատերազմից վախեցած է, նաև հոգեբանորեն անպատրաստ է պատերազմին: Գումարած՝ գործող իշխանությունները, դիտավորյալ կամ ոչ դիտավորյալ, այդ միտումն ուժեղացնում են: Օրինակ, երբ նախորդ տարվա աշնանը Հանրապետության հրապարակում զինվորական համազգեստով պատերազմի սարսափների մասին էին պատմում, դրանով նրանք իշխանություններին էին արդարացնում, ասելով՝ թշնամին այնքան սարսափելի էր, որ մեր բանակը պարտվեց, գործող իշխանությունը մեղք չունի: Բայց թշնամու հզորության այդ կերպարի ստեղծումով ի հետևանք ահաբեկում եք հասարակությանը: Այն ժամանակ ասում էին՝ սա վերջին պատերազմը չէ, մի՛ արեք այդպես, սակայն արվեց, և դրա բացասական հետևանքները մենք տեսնում ենք հիմա:

Ցավալին այն է, որ առիթի դեպքում կարող է իշխանության կողմից դիմադրելու կամք չդրսևորվի, ինչպես չդրսևորվեց Սև լճի, Վերին Շորժայի հետ կապված, երբ, ըստ էության, թշնամին գրավեց մեր տարածքը, և մենք այս պահին բանակցությունների մեջ ենք, որը չգիտենք՝ ինչով կավարտվի: Համենայնդեպս, երկար կձգվի: Այ, վտանգ կա, որ հերթական հարվածի դեպքում մենք նորից ինչ-որ բան կկորցնենք, և մեզ նորից կներքաշեն բանակցությունների մեջ: Չէ՞ որ եթե ինչ-որ բանի շուրջ բանակցում ես, դա վերածվում է վիճահարույց հարցի:

Երկու օր առաջ Եվրոպական խորհրդի նախագահը Երևանում ասաց՝ վիճահարույց տարածքներից զորքերը պետք է հետ քաշվեն: Այսինքն՝ թշնամին երկու ամիս է՝ մտել է Հայաստանի տարածք, միջազգային լեքսիկոնում դա արդեն դարձել է վիճահարույց տարածք: Թշնամին առաջին քայլն արեց, վերցրեց, հիմա հաջորդ քայլն է անելու, ասելու է, որպեսզի ես իմ զորքը հետ քաշեմ, այսինչ բանն ինձ տուր: Այսինքն՝ մեզ պատկանողը վերցրեց, այն դարձրեց վիճահարույց, որից հետո կամ իրեն կպահի, կամ քեզ պատկանողը քեզ վերադարձնելու համար երևի ինչ-որ բան կստանա:

Մենք այսօր և՛ ռազմական, և՛ դիվանագիտական, և՛ քաղաքական, և՛ հասարակական, և՛ սոցիալական բոլոր բնագավառներում նահանջ ունենք: Ընդ որում՝ նահանջ ունենք ժողովրդի հիմնական մասի անգիտության պատճառով: Մարդիկ ուղղակի ուզում են խաղաղություն լինի իրենց փոքրիկ օջախում: Իսկ քանի որ իշխանությունն իր մեջ որոշակի պոպուլիստական տարր ունի, ուզում է հասարակության լայն շերտերին սիրաշահել, հասարակության լայն շերտերին տհաճ ինֆորմացիան չի ասում: Չի ասում, որ պետք է պատերազմենք, որ, այո՛, առիթի դեպքում պետք է զոհ տանք, այո՛, ամեն ինչ այնքան էլ լավ չէ, այո՛, սա վերջին պատերազմը չէր, որ Արցախը տվեցինք ու պրծանք, նորից է պատերազմ լինելու:

Այդ դեպքում հաջորդ հարցն է ծագում. բա ասում էիք՝ Արցախը տանք, խաղաղ ապրենք, թուրքերի հետ կոմունիկացիաներ էիք բացում: Այսինքն՝ կոնցեպտուալ իշխանության ողջ գործունեությունը վտանգավոր ուղղվածություն ունի: Դա է խնդիրը:

Մեր հասարակության ճնշող մեծամասնության անգրագիտության պայմաններում դա մի կողմից անցնում է, որովհետև անգրագիտությունը բերում է հեռատեսության պակասի, իսկ հեռատեսության պակաս ունեցող մարդը այսօրով է ապրում, չի ուզում ապագայի մասին մտածել և պաշտպանում է գործող իշխանությանը:

Այն դեպքում, երբ նա կարող է հիմա իրեն մի քիչ նեղություն տալ ու ապագայում ավելի ապահով լինել, բայց գերադասում է հիմա հանգիստ ապրել, բայց ապագայում ավելի մեծ վտանգի մեջ լինել:

Ժողովրդավարության թույլ կողմն այն է, որ իշխանությունը ունի գայթակղություն ժողովրդահաճո քայլ անել, որը պետական առումով վտանգավոր է: Այսինքն՝ ժողովրդահաճո քայլ ես անում, ու քո ձայներն ընտրություններում ապահովում ես, բայց պետությանը վնաս ես տալիս: Եվ հակառակը, եթե ինչ-որ մեկն անում է պետականամետ քայլ, դա, որպես կանոն, ենթադրում է մարդու իրավունքների որոշակի ոտնահարում: Դա հասարակությանը դուր չի գա: Պարզ օրինակ բերեմ. եթե մենք հիմա հանրաքվեի դնենք, օրինակ՝ հարկերը վերացնելու հարցը, բոլորը կուզենային կողմ քվեարկել:

Բայց պետությունն այդ դեպքում չի կարողանա իր եկամուտներն ապահովել: Նորմալ երկրներում հասարակությունը միջին մակարդակում ունենում է այնքան գիտակցություն, որ հասկանում է երևույթի վտանգը: Ցավոք, մեր հասարակությունը չունի համապատասխան մակարդակը, որ իրեն բաժին հասած ընտրելու իրավունքը ճիշտ օգտագործի:

Մանե Հարությունյան

MediaLab.am