Հայաստանում սննդամթերքի երկնիշ թանկացումը շարունակվում է, և, ինչպես ցույց են տալիս Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալները, այս տարվա առաջին երեք ամիսներին սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը Հայաստանում թանկացել են 12,1%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Միայն անցած ամիս, նախորդ տարվա մարտի համեմատ, այդ գնաճը կազմել է 12,8%:
Համատարած թանկացումների ֆոնին «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը ուզում է հավատալ, որ գոնե բանը չի հասնի երկրում առանց հոսանքի ու հացի հերթ կանգնելով ապրելուն:
«Կառավարության կողմից այս գնաճը զսպելու, կարգավորելու համարժեք քայլեր չենք տեսնում: Մենք գոնե սննդամթերքի ներմուծումը պետք է պակասեցնենք, փոխարենն ավելացնենք արտահանումը: Այս դարում ձու կամ այդ տեսակի սննդամթերքի ներմուծումն ուղղակի ամոթ է»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Արմեն Պողոսյանը:
Մասնագետը վստահ է, որ այլ պատկեր կունենանք, եթե կառավարությունը ձեռնամուխ լինի արտահանման ծավալների մեծացմանը, ինչը, ըստ Պողոսյանի, Հայաստանում չի արվում, փոխարենը ներմուծման ծավալներն են տարեցտարի ավելանում:
«Մեզ մոտ ներմուծման ծավալները եռակի գերազանցում են արտահանման ծավալները, իսկ այդ ցուցանիշների կրճատման միտում էլ չկա, գոնե սննդամթերքը, պահածոները, գինին մի փոքր շատ արտահանենք, որ կարողանանք վիճակը մեղմել»,- ասում է Արմեն Պողոսյանը:
Նրա խոսքով՝ ճիշտ է, գնաճի համար կան հանգամանքներ, որոնք կախված չեն մեզանից, մասնավորապես՝ ռուս-ուկրաինական պատերազմ: Կառավարության տնտեսական բլոկը, Պողոսյանի խոսքով, «միտք չի աշխատեցնում»: Նա վստահ է՝ անհրաժեշտ ու հաշվարկված տնտեսական քայլերի դեպքում իրավիճակը հնարավոր կլինի մեղմել:
Ըստ նրա, Հայաստանում այսօր չկան համապատասխան պաշտոնյաներ, որոնք տիրապետում են իրենց ոլորտին, գիտեն զանազանել ոլորտի համար առաջնային ու երկրորդական խնդիրները:
«Առաջընթացը կարող է լինել միայն տնտեսության առողջացմամբ, բարի կամքով կամ կարգախոսներով ոչինչ չի լինում, իսկ այդ մարդիկ այսօր կարգախոսներով են զբաղված: Եթե մենք այս տեմպերով շարունակենք, աղքատ խավի, որ մեզանում կազմում է մոտ 70%, վիճակը գնալով վատանալու է: Իսկ նույն այդ պահին պետբյուջեից գումար են հատկացնում ԱԺ նախագահին ուղեկցող մեքենաներ ձեռք բերելու համար: Մի՞թե հնարավոր չէր միջոցները տրամադրել այն նպատակներին, որոնք կմեղմեին մարդկանց սոցիալական վիճակն ու կկանխեին գնաճը»,- ասում է Արմեն Պողոսյանը:
Պողոսյանը վստահ չէ, թե թանկացումների այս ալիքը, սոցիալական օր օրի վատթարացող վիճակը հանրությանը կստիպի դժգոհության ձայն բարձրացնել, բողոքի ակցիաներ իրականացնել:
«Անգամ թուրքը, որն ինձ համար մարդ չէ, իր սոցիալական ծանր վիճակի պարագայում փողոց դուրս եկավ դժգոհելու թանկացումներից, մեր հասարակությունը այդ առանձնահատուկ որակը չունի, դրա համար էլ իշխանությունն անում է այն, ինչ նպատակահարմար է գտնում»,- ասում է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am