Բրյուսելի եռակողմ հանդիպումը Լաչինի միջանցքի բացման առումով որևէ կոնկրետ արդյունքը չտվեց. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բրյուսելում հուլիսի 15-ին իր, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը  Լաչինի միջանցքի բացման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հաղթահարման առումով որևէ կոնկրետ արդյունք չի տվել, Բաքուն շարունակում է էթնիկ զտման իր ծրագիրը Լեռնային Ղարաբաղում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է Կառավարության նիստի մեկնարկին ունեցած ելույթում։

«Այս հանդիպումը, ցավոք, Լաչինի միջանցքի բացման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հաղթահարման առումով որևէ կոնկրետ արդյունքը չտվեց: Քաղաքական առումով ԵՄ խորհրդի նախագահը հանդիպմանը հաջորդած իր հայտարարության մեջ ընդգծեց Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության օրակարգը Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջոցով հասցեագրելու անհրաժեշտությունը»,-ասաց վարչապետը:

Հայկական կողմի համոզմունքը եղել և շարունակում է մնալ այն, որ առանց միջազգային ներգրավվածության և մեխանիզմների այս երկխոսությունը չի կարող արդյունավետ լինել՝ առնվազն այն պատճառով, որ Բաքուն շարունակում է իր ագրեսիվ և սպառնալից հռետորաբանությունը ԼՂ հայության նկատմամբ, որի խորքային նպատակը ԼՂ-ում էթնիկ զտումների իրականացումն է:

«Հիմա դա արդեն ոչ թե տեսական պնդում է, այլ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմամբ իրագործվող կոնկրետ ծրագիր, որի ուղիղ դրսևորումը էլեկտրաներգիայի, բնական գազի, պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների՝ դեպի Լեռնային Ղարաբաղ մատակարարման իսպառ բացակայությունն  Լեռնային Ղարաբաղում հայերի բնակվելն անհնարին դարձնելու նպատակով»,-ասաց Փաշինյանը:

Նա ցավով ընդգծեց նաև, որ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումները, որոնցով Ադրբեջանին պարտավորվեցվում է բացել Լաչինի միջանցքը, մինչև օրս չի կատարվել:

Այսուհանդերձ, վարչապետը շեշտեց այս ուղղությամբ աշխատանքները շարունակելու  անհրաժեշտությունը: Ըստ նրա՝ անհրաժեշտ է նաև աշխատանքներ տանել ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամը միջազգային մամուլում հնարավորինս լայն լուսաբանելու ուղղությամբ: