Ո՞վ է «սուտ ասում». դե՞մ էր «Լուսավոր Հայաստանը» Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը․ Fip

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ապրիլի 19-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հերքել է այն փաստը, որ 2018 թ. մայիսի 8-ին իրենց քվեարկությամբ է նաև Նիկոլ Փաշինյանը ստանձնել վարչապետի պաշտոնը։ 

«Սուտ եք ասում` մենք նրան վարչապետ չենք ընտրել»,- ասել է Գորգիսյանը` ի պատասխան լրագրողի դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է դարձել նաև «Լուսավոր Հայաստանի» կողմ քվեարկության շնորհիվ։  

«Փաստերի ստուգման հարթակը» պարզեց, թե 2018 թվականին «Ելք» խմբակցությանը մաս կազմող ԼՀԿ անդամ-պատգամավորներն արդյո՞ք աջակցել են Նիկոլ Փաշինյանին և քվեարկել հօգուտ նրա ընտրության։

Աջակցում էր արդյո՞ք ԼՀԿ-ն հեղափոխությանը և ինչպե՞ս քվեարկեց 2018 մայիսի 8-ի հատուկ նիստին

2018-ին մարտի 31-ին մեկնարկած գործողությունների առաջին շրջանում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չէր մասնակցում «Իմ քայլը» շարժմանը։ Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը կողմերին երկխոսության կոչ էր անում՝ երրորդ ճանապարհ առաջարկելով։ 

Սակայն վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, երբ արդեն քննարկվում էր Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու հարցը, «Ելք» խմբակցության բոլոր անդամները (այդ թվում՝ ԼՀԿ պատգամավորները) համաձայնեցին առաջադրել Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում: ԼՀԿ անդամ բոլոր պատգամավորները կողմ են քվեարկել, ինչպես մայիսի 1-ին, երբ Նիկոլ Փաշինյանը չստացավ բավարար ձայներ վարչապետ ընտրվելու համար, այնպես էլ մայիսի 8-ին։

2018 թ. մայիսի 8-ի հատուկ նիստին «Ելքի» մաս կազմող ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը «Ելք» խմբակցության անունից հայտարարել էր, որ կանգնած են հեղափոխության թիկունքում։ «Կանգնած ենք այսօրվա, ժամեր անց կամ 1 ժամվա ընթացքում ընտրվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիկունքում, նրա կառավարության թիկունքում և մենք պաշտպանելու ենք այդ կառավարության ծրագրերը և անվերապահորեն աջակցելու ենք այն փոփոխություններին, որոնք գալիս են Հայաստանի Հանրապետություն»,- հայտարարել էր Մարուքյանը։

Արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանը վարչապետ էր ընտրվել՝ 59 կողմ, 42 դեմ ձայների հարաբերակցությամբ։ «Ելք» խմբակցությունը, այդ թվում՝ Գևորգ Գորիգսյանը, Էդմոն Մարուքյանը և Մանե Թանդիլյանը կողմ էին քվարկել Փաշինյանի թեկնածությանը։ https://www.youtube.com/embed/F7kNUCtBFL8?feature=oembed

ԼՀԿ-ն ժամանակին աբսուրդ չէր համարում ընտրական գործընթացներին զուգահեռ ԸՕ փոխելը

Ճեպազրույցի ընթացքում Գևորգ Գորգիսյանը նաև անդրադառնում է ընտրական գործընթացներին և աբսուրդ որակում վարչապետի հրաժարականից հետո ընտրական օրենսգրքի (ԸՕ) փոփոխությունը, քանի որ, իստ իրեն, հրաժարականով սկսվում է ընտրական պրոցեսը։ Մասնավորապես, պատասխանելով լրագրողի ճշտող հարցին, թե ընտրական օրենսգրքի ընդունելու համար Փաշինյանի հրաժարականը ի՞նչ կապ ունի, Գորգիսյանը պատասխանում է. «Պրոցեսները սկսված են։ Այսինքն՝ ԸՕ փոխելը, երբ ընտրական պրոցեսն է սկսած, դա լրիվ աբսուրդ է։ Օրը նշանակելուց հետո արդեն խնդրահարույց էր, և առավել ևս հիմա, երբ վարչապետի հրաժարականից հետո մի քանի օր է մնացել»։

Հատկանշական է, որ Գորգիսյանի պնդումը, թե ընտրական գործընթացը սկսում է վարչապետի հրաժարականի ներկայացմամբ՝ սխալ է, քանի որ ընտրական գործընթացը սկսվում է Հանրապետության նախագահի՝ ընտրությունների նշանակման մասին հրամանագրով, որը, սահմանադրությամբ, վարչապետի հրաժարականից 16 օր հետո է նախատեսվում (եթե այդ ընթացքում ԱԺ-ն երկու անգամ չի ընտրում նոր վարչապետ): Ըստ այդմ, վարչապետի հրաժարականից հետո (բայց նախքան ընտրությունների նշանակումը) ընտրական օրենսգրքի փոփոխություն կատարելը չի կարող համարվել ընտրական պրոցեսը սկսելուց հետո արված օրենսդրական փոփոխություն:

Նկատենք, որ 2018 թ. հոկտեմբերի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական էր տվել իր պաշտոնից, որից 16 օր հետո՝ նոյեմբերի 1-ին, նախագահի հրամանագրով դեկտեմբերի 9֊ին Ազգային ժողովի ընտրություններ էին նշանակվել։ Այդ ընթացքում, այսինքն՝ հրաժարականից հետո ու ընտրությունների նշանակման հրամանագրից առաջ, ԱԺ-ում 2 անգամ՝ հոկտեմբերի 22-ին և 29-ին փորձ էր արվել փոխել Ընտրական օրենսգիրքը և 2 անգամ էլ ԼՀԿ-ն ամբողջ կազմով կողմ էր քվեարկել։ Կողմ էր քվեարկել նաև Գևորգ Գորգիսյանը, որը որևէ կերպ չէր քննադատել զուգահեռաբար ընտրական գործընթացներ սկսելն ու ԸՕ ընդունելը։ 

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Գորգիսյանի մեղադրանքն ուղղված լրագրողին, թե սուտ է ասում, որ իրենք ժամանակին ընտրել են Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետ, տեղին չէ։ Սխալ է նաև պնդումը, թե վարչապետի հրաժարականով ընտրական պրոցեսը սկսված է համարվում։

Նելլի Լազարյան

Fip.am