Թե մորդ անգամ մտքիցդ հանես, քո մայր լեզուն չմոռանաս: Օտարալեզու դպրոցների օրինագիծը քննադատությունների թիրախ

Մինչ Ազգային ժողովում կշարունակվեն Կառավարության` օտարալեզու դպրոցներ հիմնելու շուրջ կիսատ մնացած թեժ քննարկումները, աղմկահարույց նախաձեռնության դեմ համախմբված հազարավոր քաղաքացիներն անընդունելի համարելով  օրենսդրական փոփոխությունները` պահանջում են ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրաժարականը:
«Եթե Արմեն Աշոտյանը չի կարողանում հայալեզու դպրոցի միջավայրում զարգացնել օտար լեզու, ապա պետք է հրաժարական տա»,-հայտարարել է «Մենք դե’մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության անդամ  Արամ Ապատյանը:
Մարտի 31-ին, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ներկայացրած «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրինագծը կառավարությունում  հավանության է արժանացել:  Օրինագծով հնարավորություն է ստեղծվում վերաբացել 15 օտարալեզու դպրոց:

«Օտարալեզու դպրոցները չեն վերածվի ռուսական դպրոցների ցանցի։ Ռուսական լեզվով դպրոցների վերածննդի դարաշրջան չի սկսվի։ Միևնույն լեզվով 5 դպրոցից ավելի չի լինի, խոշոր խաղացողները կլինեն անգլերենը եւ ռուսերենը»,-վստահեցրել է նախարարը, որը նշել է, թե «օտար լեզուն պետք է ճյուղ լինի մայրենիի ցողունի վրա»:

Սակայն ի հակառակ նախարար Աշոտյանի հավաստիացումների,  նախաձեռնությունը բախվել է հասարակական բողոքի ալիքին` արժանանալով քննարկումների եւ թեժ քննադատությունների:

Մինչ ԱԺ մտած օրինագիծը ակտիվորեն քննարկվում էր քաղաքական տարբեր ուժեր ներկայացնող խմբակցությունների կողմից,  խորհրդարանի դարպասների մոտ ցուցարարներ թափահարում էին  «Կրթությունը Հայերեն», «Հայաստանում՝ հայերեն», `«Հայ մանուկին հայ դպրոց», «Ոչ գաղութացմանը», «Լեզուն գույք չէ պարտքի դիմաց» եւ այլ կարգախոսներով ցուցապաստառներ` վանկարկելով «Ստրուկ-ներ» խորհրդարան մտնող իշխանական պատգամավորների հասցեին:

Քաղաքացիական «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը, որը Ֆեյսբուկ սոցիալական ցանցում ավելի քան  2500  աջակից ունի,   շարունակում է բողոքի ակցիաները բոլոր հնարավոր միջոցներով` ներգրավվելով ավելի մեծ թվով համակիրների:

«Պահանջում ենք, որ նախարարն իր ուշադրությունը կենտրոնացնի բարձրորակ միջնակարգ դպրոց ստեղծելու վրա,-ասում է նախաձեռնության անդամ Արամ  Ապատյանը, որը  վստահ է նախագծի դրսից պատվեր լինելու մեջ:

Նա կարծում է, որ օտարալեզու դպրոցների գոյությամբ սկիզբ կդրվի աննորմալ մի երեւույթի, երբ կրթության մակարդակից դժգոհ ծնողները երեխաներին կտանեն նորաբաց օտարալեզու դպրոցներ եւ կստեղծվի  «օտարամոլ վերնախավ»:

«Ես ռուսական դպրոց եմ ավարտել, դա ինձ շատ ծանոթ է. ընկերոջդ հետ երևանյան լեզվով քննարկում ես, մեկ էլ շուռ է գալիս ասում. «а ты видел последний фильм Бертоллучи?»: Այսինքն Բերտոլուչիյի մասին միայն ռուսերեն կարելի է խոսել,- «Մեդիալաբին» ասում է նախաձեռնության անդամ, լրագրող Արմեն Հովհաննիսյանը,- Սա փորձ է, հայերենը դարձնել խոսակցական, կենցաղային լեզու, երբ վեհ թեմաների  մասին կխոսենք ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն…»::

Հայաստանում, սակայն, ոչ բոլորն են, դեմ տրամադրված օտարալեզու դպրոցների բացման հեռանկարին: Ճարտարապետ Լևոն Իգիթյանն, օրինակ, ոչ մի վտանգավոր բան չի տեսնում երկրում մի քանի օտարալեզու դպրոցների բացման մեջ:

«Այն ամենի մեջ ինչ-որ այսօր կատարվում է մեր երկրում, մի փոքր վիրավորական բան կա. հայերը մոռացել են, որ մենք նոր չենք աշխարհ եկել:  Մենք պինդ ազգ ենք: Էս ինչո՞ւ հանկարծ վախեցանք: Եթե մենք 15 դպրոց բացելով, պիտի որպես էթնոս պարտվենք, դե ուրեմն թող պարտվենք, եթե  այդքան փխրուն ու թույլ ենք: Ես համարում եմ, որ մենք հզոր էթնոս ենք»,-«Մեդիալաբին» ասաց Լևոն Իգիթյանը:

Դերասան, բեմադրիչ Նարեկ Դուրյանն էլ համեմատականներ է տանում Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ, ուր եւս օտարալեզու դպրոցներ կան: Նա ասում է, որ  առաջնային ոչ թե օտարալեզու դպրոցի բացման, այլ հայկական դպրոցի մակարադակի բարձրացման հարցը պետք է լինի, ինչն էլ կօգնի դպրոցին մրցունակ լինել:

«Մարդիկ օտարության մեջ Ֆրանսիայում մեծանում են, ֆրանսիական դպրոցներում են սովորում, հայ են մնում: Դրա համար ես գտնում եմ, որ, այո, եթե այդ մի քանի դպրոցը մեզ պետք է վախեցնի, ապա խոսելու բան չկա էլ»,-ասում է  Դուրյանը:

Սակայն ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ի հակառակ Նարեկ Դուրյանի բացատրում է, որ աշխարհում օտարալեզու դպրոցների գոյությունը արդարացվում է տվյալ երկրում բնակվող այլազգիներով:

«Այսինքն Ֆրանսիան չի նստում և հրատարակում պորտուգալերեն լեզվով դասագրքեր իր ընդհանուր կրթական ծրագրից դուրս,- «Մեդիալաբին» ասում է ազգագրագետը, որը համոզված է` օրինագծի հաստատումից հետո արդեն տարիներ անց հայ հասարակության տարբեր շերտերի միջեւ անջրպետ է գոյանալու:

Հարցի վերաբերյալ քաղաքական ուժերի կարծիքները նույնպես միօրինակ չեն: Օրինագծում առաջարկված փոփոխություններին կողմ են արտահայտվել ՀՀԿ-ի, «Օրինաց երկիր»-ի խորհրդարանական խմբակցությունները: ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ իրենց կուսակցությունը կողմ կլինի այն դեպքում, եթե ընդունվի իրենց առաջարկը, համաձայն որի  օտարալեզու կրթությունը պետք է կազմակերպվի բացառապես ավագ դպրոցներում :

«Մեր առաջարկն ընդունելու դեպքում մենք պատրաստ ենք համագործակցության,-ասել է նա,- ԲՀԿ-ի խնդիրը ոչ թե կոնֆլիկտն է, այլ` կոնստրուկտիվ առաջարկներով, կոնստրուկտիվ համագործակցության միջոցով այս հարցը բերել օպտիմալ լուծման դաշտ»:

«Ժառանգություն» կուսակցությունը տարածած հայտարարության մեջ նշել է, թե Հայաստանում օտարալեզու դպրոցները կարող են լինել միայն ոչ պետական, սահմանափակ թվով ավագ դպրոցներ, որտեղ հայագիտական առարկաները` հայոց լեզուն, գրականությունն ու հայ ժողովրդի պատմությունը, Հայաստանի քաղաքացիների համար կլինեն պարտադիր, եւ կապահովվեն պետական չափորոշիչներին համապատասխան կրթություն ու քննություն:

Ըստ ՀԱԿ-ի, նման պայմաններում օտարալեզու հանրակրթությունը,  որպես «էլիտար», արագորեն տարածվելու, դառնալու է մի կողմից՝ սոցիալական անառողջ խմորումների, մյուս կողմից՝ հատկապես մտավոր պոտենցիալի արտագաղթի խթանման նոր մի դարպաս։

«Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է, որ հիշյալ նախաձեռնությունը քաղաքական առումով վտանգավոր է, գավառամտության արգասիք,-նշված է ընդդիմության տարածած հայտարարության մեջ,- եւ կոչ է անում դրա դեմ ստեղծել հասարակական անհանդուրժողականության մթնոլորտ, կանխել դրա իրականացումը»։

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am