«Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի նախագիծն է քննարկվել ԱԳՆ-ում

Ապրիլի 19-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի նախագիծը բանակցելու նպատակով փորձագետների 5-րդ հանդիպումը՝ առկա և հեռավար ձևաչափերով։

Հանդիպմանը մասնակցեցին Հայաստանի Հանրապետության, Բուլղարիայի Հանրապետության, Վրաստանի, Հունաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունները։ Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։

Պատվիրակությունները շնորհակալություն հայտնեցին Հայաստանի Հանրապետությանը հանդիպման կազմակերպման և արդյունավետ քննարկումներ անցկացնելու հնարավորության համար։

Մասնակից հինգ պետությունների պատվիրակները վերահաստատեցին իրենց հետաքրքրվածությունը համաձայնագրի մշակման և ստորագրման վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց համաձայնագրի նախագծի շուրջ նախորդ հանդիպմանը չհամաձայնեցված դրույթներին:

Ստորագրվեց արձանագրություն, որով նախատեսվում է «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի նախագիծը և քննարկումներն ավարտին հասցնելու նպատակով փորձագետների մյուս հանդիպումն անցկացնել Բուլղարիայի Հանրապետությունում։