Իսպանացի պատգամավորները վստահեցնում են՝ շարունակելու են աշխատել Հայոց ցեղասպանության ճանաչման համար

Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորներ Մարտա Ռոսիկը և Միրիամ Նոգերասը մտահոգ են, որ Իսպանիան դեռ չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, և շարունակելու են աշխատել այդ ուղղությամբ: Իսպանացի պատգամավորները Ապրիլի 24-ի կապակցությամբ այս մասին ասել են «Արմենպրես»-ին տրամադրված տեսաուղերձում:

https://www.facebook.com/watch/?ref=external&v=1363971540631093

Մարտա Ռոսիկը նկատեց՝ ավելի քան 100 տարի անց, այս տարի նույնպես հիշատակում ենք Հայոց ցեղասպանությունը: «Մի ցեղասպանություն, որը Իսպանիան դեռևս չի ճանաչել, չնայած այն բանին, որ մենք Պատգամավորների կոնգրեսում բազմաթիվ նախաձեռնություններ ենք ներկայացրել։ «Հանրապետական ձախ» խորհրդարանական խմբակցությունով շարունակելու ենք աշխատել Հայոց ցեղասպանության ճանաչման համար, որը կարևոր քայլ կհանդիսանա հետագա ցեղասպանությունների կանխարգելման համար»,-ասաց պատգամավորը:

Միրիամ Նոգերասն էլ շեշտեց Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը՝ նշելով, որ սակայն Իսպանիան չի ճանաչում: «Իսպանիան այն չի ճանաչում և ոչ միայն չի ճանաչում, այլև աջակցում է Թուրքիային: «Junts per Catalunya» կուսակցությունը խնդրում է արդարություն և միշտ լինելու է հայ ժողովրդի կողքին»,-ասաց Նոգերասը:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն: