«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի փաստաբան Տաթևիկ Սողոյանը
– Տիկի՛ն Սողոյան, Բագրատ Սրբազանի գործով դատական նիստերը շարունակվում են, դատավարություններն ընթանում են, ի՞նչ փուլում են դրանք, ի՞նչ զարգացումներ են սպասվում:
- Դատավարությունը շարունակում է ընթանալ երկու հարթակում՝ իրավական ու քաղաքական: Իրավական հարթակում այս պահին նախնական դատալսումներն ավարտվել են, հիմա բացման խոսքով հանդես են գալիս պաշտպանները, որից հետո կսկսվի ապացույցների հետազոտումը: Մենք դատարանում տասնութ անգամ հանրային մեղադրողներից լսեցինք տառացիորեն նույն մեղադրանքը, բայց երբ հիմա բացման խոսքով հանդես են գալիս պաշտպանները, ամեն մեկն ավելի առարկայական է ներկայացնում, թե ինչո՛ւ գործ ունենք քաղաքական հետապնդման հետ, ու ինչու այս գործն աղերս չունի իրավաբանության հետ: Մեղադրանքը շատ ծանր է, իսկ ապացույցներն ավելի շատ աբսուրդային են ու բացակա, դրա համար էլ ասելիքը շատ է ու երկար է տևում:
Ինչ վերաբերում է քաղաքական հարթակին, ապա Սրբազանը, տեղեկանալով, որ գլխավոր դատախազն ու Քննչական կոմիտեի ղեկավարը Ազգային ժողովում հանդես են գալու 2025 թվականի հաղորդումներով, պատգամավոր Գեղամ Մանուկյանի միջոցով խնդրել էր կոնկրետ հարցադրումներ ուղղել: Գլխավոր դատախազին հարց էր ուղղվել՝ արդյոք այդ ձայնագրությունները, որոնք, պարզվեցին, մոնտաժված են, ենթարկվե՞լ են փորձաքննության, որի մասին նույն դատախազն էր հայտարարել: Սրան ի պատասխան դատախազը հրաժարվեց բառ ասելուց՝ մատնանշելով, որ գործը գտնվում է դատաքննության փուլում: Բայց մենք հարցնում էինք կոնկրետ այն մասին, ինչի մասին ինքն էր հայտարարել, որ կանի կամ արդեն իսկ անում է:
Քննչական կոմիտեի ղեկավարին ուղղվելիք հարցն էլ հետևյալն էր, թե, ի վերջո, ո՛ր ապացույցը նկատի ուներ, երբ պատասխանատու կերպով հայտարարում էր, որ գոյություն ունի Սրբազանի ձեռքով գրված փաստաթուղթ: Քննչական կոմիտեի ղեկավարն էլ տվեց իրավաբանության հետ որևէ կապ չունեցող պատասխան՝ ասելով, որ խմբի կազմում եթե ասում եմ՝ իր ձեռքով գրված, ապա պարտադիր չէ, որ դա գրված լինի հենց Բագրատ Սրբազանի ձեռքով, դա կարող է ուրիշի ձեռքով գրված լինել:
Այսքանից հետո ևս մեկ անգամ ակնհայտ է դառնում, որ մենք գործ ունենք ուղղակի քաղաքական հետապնդման հետ: Հուսով եմ, որ եթե ոչ գալիք նիստով, ապա գոնե հաջորդ նիստով մենք արդեն կհասնենք այդ ապացույցների հետազոտմանը, ու, բնականաբար, հանրությունն էլ կտեսնի, որ այնտեղ ահաբեկչության ու իշխանությունը զավթելու վերաբերելի որևէ ապացույց գոյություն չունի:
– Հետո ի՞նչ փուլ է հաջորդելու:
- Ապացույցների հետազոտումից հետո մեղադրողներն ու պաշտպանները հանդես կգան եզրափակիչ ելույթներով, որից հետո արդեն դատարանը կկայացնի մեղավորության հարցը վճռող ակտ՝ վերդիկտ: Բայց իմ կանխատեսումն այն է, որ մինչև եզրափակիչ ելույթների հարցը քննելը Դատախազությունն իր նախաձեռնությամբ, գուցե և մեր միջնորդության արդյունքում, կվերանայի ներկայացված մեղադրանքը, այսինքն՝ դատարանը չի անցնի խորհրդակցական սենյակ՝ ահաբեկչության ու իշխանություն զավթելու նախապատրաստության հոդվածները քննության առնելու:
– Իսկ փոփոխված հոդվածը ի՞նչ է լինելու:
– Հստակ չեմ կարող ասել ու չեմ էլ ուզում հուշել, որովհետև առհասարակ, իմ պատկերացմամբ, այստեղ որևէ հանցանքի մասին խոսք լինել չի կարող, բայց ակնհայտ է, որ դա ավելի մեղմ հոդված է լինելու, քան ահաբեկչությունը: Ահաբեկչությունն նրանց պետք էր, որպեսզի նրանք այդ ահասարսուռ տերմինը շրջանառեին, մի հատ էլ ԱԺ-ի կողմից հայտարարություն տարածեն, հետո էլ Նիկոլ Փաշինյանը ու մյուս պատգամավորները գնան եվրոպական հարթակներում բողոքեն, ասեն՝ մեզ փորձում են ահաբեկչության ենթարկել, իհարկե սուտն ու կեղծիքը տարածելով, բայց որևէ ողջամիտ դատավարական ակտ չի կարող կայացվել, որտեղ գոյություն չունեցող աստղիկները, ազատ շրջանառության ֆուտբոլային ու գենդեր փարթիի ծխերը կարող են օգտագործվել իբրև ահաբեկչության գործիք:
– Ստացվում է, ակնկալիք չունե՞ք, որ արդարացում է լինելու, տիկի՛ն Սողոյան:
– Այս իշխանության օրոք, այս դատարանը, որն արդեն հասցրել է այսքան ապօրինի ակտեր կայացնել, բնականաբար, չի կարող հույս ներշնչել: Եթե իշխանափոխություն լինի, հաջորդ վայրկյանին այս մեղադրանքը չի լինելու, դատական այս գործը գոյություն չի ունենալու: Բայց քանի դեռ գործ ունենք այս ուզուրպացված դատական իշխանության հետ, առավելագույնը, որ կարող է անել դատարանը, Սրբազանին ու մյուսներին մեղավոր ճանաչելն է, բայց այլ հոդվածով:
– Իսկ այդ վճիռը ի՞նչ ժամկետներում կկայացվի:
– Մենք նույնիսկ մինչև այս տարեվերջ չենք հասցնի այդ ապացույցները հետազոտել: Հաջորդիվ մեզ սպասելու է բավականին անհետաքրքիր դատավարություն, որտեղ պետք է մարդկանց մեկ տարվա կենցաղային խոսակցությունները բառ առ բառ ներկայացվեն դատարանին, մենք ցույց տանք, որ չկա ահաբեկչության պլանավորում, տեսնենք, թե հանրային մեղադրողներն էլ ո՛նց են մեկնաբանելու, թե այս խոսակցությունները ահաբեկչություն պլանավորելու մասին են:
– Իսկ այդ ընթացքում Սրբազանի խափանման միջոցի փոփոխության հույս ունե՞ք:
– Հաշվի առնելով Սրբազանի դիրքորոշումը ներկա պահին՝ կա՛մ ազատություն, կա՛մ կալանք, հույս չունենք, որ կալանքը փոխվելու է: Սրբազանի համար միջանկյալ միջոցների կիրառումը ընդունելի չէ, որովհետև նա իրեն արդար մարդ է համարում, իսկ եթե համաձայնում է, օրինակ՝ տնային կալանքի, նշանակում է, որ մեղքն է ընդունում, դրա համար էլ ասում է՝ կա՛մ ազատություն, կա՛մ կալանք:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















