Պայմանավորվածությունն ուժի մեջ է. Ավինյանը՝ 1 մլն դեղաչափ Sputnik V ստանալու մասին

Ռուսաստանից Sputnik V-ի 1 մլն դեղաչափ ձեռք բերելու պայմանավորվածությունն ուժի մեջ է:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ AstraZeneca-ով պատվաստվելուց հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե արդյոք ուժի մեջ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի միջև՝ Ռուսաստանից 1 մլն դեղաչափ ստանալու պայմանավորվածությունը:

«Այո, այդ պայմանավորվածությունն ուժի մեջ է: Եվ որոշակի գործընթացներ տեղի են ունենում: Մենք բոլոր հնարավոր պատուհաններն օգտագործելու ենք և ֆինանսական միջոցները հատկացնելու ենք, որպեսզի ապահովենք լուրջ խմբաքանակ՝ այս տարվա պատվաստումների համար»,-ասաց Ավինյանը:

Պետությունը դիտարկում է բոլոր այն պատվաստանյութերը, որոնք Հայաստանում հաստատված են:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն էլ հիշեցրեց, որ 2 օր առաջ ստացվել է Sputnik V-ի երկրորդ խմբաքանակը՝14 հազար հոգու համար: «Հաջորդիվ կունենանք խմբաքանակների ներմուծումը՝ ինչպես ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի միջև կայացված համաձայնությունը եղել»,-նշեց նա՝ հավելելով, որ ամբողջը միանգամից չի ստացվի, բոլոր երկրներն էլ ստանում են հատվածական:

Անդրադառնալով Հայաստանում Sputnik V-ի համատեղ արտադրություն սկսելու մասին «Արմենպրես»-ի հարցին՝ Ավինյանն ասաց, որ հնարավորությունները պետք է դեռևս հետազոտել: «Ենթադրում եմ, որ Մոլեկուլային կենսաբանության մեր ինստիտուտում է դա հնարավոր կազմակերպել: Ռուս գործընկերների հետ մի փոքր ավելի մանրամասն պետք է հասկանալ, թե ինչ չափով, որ կոմպոնենտներով հնարավոր կլինի այդ արտադրությունը կազմակերպել այստեղ»,-նշեց նա: