Այսօր հովազի միջազգային օրն է

Այսօր՝ մայիսի 3-ին, հովազի միջազգային օրն է։ Լուսանկարում Նովա հովազն է, կովկասյան հովազի /առաջավորասիական ընձառյուծ, Panthera pardus saxicolor, Caucasian leopard/ հավանաբար էգ առանձյակը, որը թակարդ-տեսախցիկների կողմից նկարահանվել է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում դեռևս նախորդ տարի։ 

Խորհրդային տարիներին կովկասյան հովազը ենթարկվել է հետապնդումների և պահպանության ներքո է վերցվել միայն 1987 թվականին։ Այդ ժամանակաշրջանից հետո, անկախ որսի արգելքից, հովազի պոպուլյացիան շարունակվել է կրճատվել։ Կովկասյան հովազը ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված հազվագյուտ կենդանատեսակ է, որի պահպանությունն այսօր չափազանց կարևոր է։

Ենթատեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Endangered EN C2a(i)», իսկ տեսակը` «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR C2a(i); D: Այն, որ կենդանու  շարժի ֆիքսումն արդեն պարբերական բնույթ է կրում, խոսում է նաև այն մասին, որ առկա է կենդանու կերային բազան և անվտանգ միջավայր ապահովող բոլոր պայմանները։

Ընդգծենք, որ Նովա հովազը, հավանաբար, էգ է, ինչը մեծ ձեռքբերում կլինի Հայաստանի համար։ Մինչ նախորդ տարվա աշնան ամիսները բոլորիս հայտնի էր, որ CWR հարակից տարածքներում մեկ մշտական բնակիչ կա՝ Նեո հովազը։ Իսկ այնուհետև հայտնվեց Նովան և փոխեց բոլորի պատկերացումները՝ ստեղծելով նոր սպասումներ։ 

Այս մասին հայտնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։