Մենք պիտի ունենանք պետություն, որը իր քաղաքացու անվտանգությունը ապահովում է, իր քաղաքացու հարցերից չի վախենում. Միքայել Նահապետյան

Պատերազմից հետո մի քանի անգամ ասել եմ և հիմա էլ առիթ կա վերահաստատելու. պետական գաղտնիքի նկատմամբ պետական մոտեցումը պիտի վերանայվի։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Քաղաքացու որոշում կուսակցության վարչության անդամ Միքայել Նահապետյանը:

Նա նաև հավելել է.

«Սահմանների կահավորվածության վերաբերյալ պատգամավորի հարցին ի պատասխան երեկ Նիկոլ Փաշինյանը, հետո նաև «ժողովրդվարության բաստիոնի» պահապան Վլադիմիր Վարդանյանը մեղադրանքների տարափ սկսեցին, թե «ադրբեջանցիներին տեղեկություն ե՞ք փոխանցում»։

Տարիներ շարունակ այս մոտեցումը առաջ էին մղում ՀՀԿ-ի պրոպագանդիստները։ Ինչ անհարմար հարց տալիս էինք՝ ասում էին «թշնամու ջրաղացին ջուր մի լցրեք»։

Արդյունքը այն եղավ, որ 2016-ին ժողովուրդը առերեսվեց իր բանակի թերհագեցվածությանը և այն փաստին, որ «չենք կարող ասել թե ինչ ունենք, բայց համոզված եղեք՝ ահասարսուռ հզորության ենք տիրապետում» մոտեցումը եղել է կեղծիք։

Պատերազմի ընթացքում Հայաստանում ըստ էության անխափան գործել է թշնամական հետախուզական ցանց, արբանյակները և կապի հետախուզությունը տվել են այն ամենը ինչ Ադրբեջանը ուզեցել է իմանալ, Հայաստանի խորը թիկունքում նկարում էին Իսկանդերից մինչև Դ-30 ամեն ինչի շարժը, բանկերի հերթերում անկաշկանդ աշխատում էին խուճապ տարածելու հանձնարարությամբ գործող լրտեսներ, պետական գաղտնիք երևույթ ըստ էության չկա և այն ինչ գաղտնի է՝ գաղտնի է միայն հայ ժողովրդի համար։

Սեպտեմբերի 25-ին և՛ մենք, և՛ Ադրբեջանը, և՛ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները գիտեինք պատերազմի սկսվելու օրը, գուցե նույնիսկ ժամը։ Բայց հայ հանրությունը դրա մասին իմացավ ԱՄՆ դեսպանատան հայտարարությունից, որը գրվել էր մի նպատակով՝ պաշտպանել ԱՄՆ քաղաքացիներին, որոնցից գուցե մեկ հոգի կարող էր լինել սահմանագծի մոտ։

Եվ եթե ԱՄՆ-ը իր մեկ քաղաքացու կյանքի և անվտանգության համար հրապարակում է իր հետախուզական կարևոր տվյալներից մեկը, իսկ Հայաստանը հարցեր տալու համար մեղադրում է իր քաղաքացուն լրտեսության մեջ՝ ապա հարց է ծագում պետություններն ընդհանրապես ինչի համար են։

Մենք պետություն ըստ էության չունենք և մեր խնդիրն է ունենալ այդպիսին։ Մենք պիտի ունենանք պետություն, որը իր քաղաքացու անվտանգությունը ապահովում է, իր քաղաքացու հարցերից չի վախենում և աչքով-ունքով չի հասկացնում թե «դուք չգիտեք, մենք բեզպիտիմինուտ ատոմային գերտերություն ենք»։

Իսկ վերջաբանի փոխարեն այս նկարը, որը ցույց է տալիս քաղաքացի-պետություն հարաբերությունների էությունը։ Այս նկարը քաղաքացու անձնազոհության և պետության անզորության, քաղաքացու նվիրումի և պետության բառադիության, քաղաքացու կամքի և պետության անողնաշարության, քաղաքացու անկեղծության և պետական ստախոսության մասին է։ Ամուր եղեք»։