Կոռեկտ չէ. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարն արձագանքել է Տեր-Պետրոսյանին

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն անդրադարձել է Լեւոն Տեր-Պետրոսյանի «գաղտնազերծմանը»։

Վիկտոր Սողոմոնյանի հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ։

«Մենք միշտ սկզբունքորեն դեմ ենք եղել ոչ հրապարակային հանդիպումների մանրամասների միակողմանի բացահայտմանը։ Կոռեկտ չէ։ Հատկապես, երբ այդպիսի մանրամասներ պատմողը խեղաթյուրում է դրանց բովանդակությունը։

Ինչեւէ։

Մարտի 25-ին տեղի ունեցած` ՀՀ եւ Արցախի նախկին նախագահների հանդիպումը կայացել է Տեր-Պետրոսյանի առաջարկով։ Նախագահ Քոչարյանին հանդիպման առաջարկի մասին պատմել է Բակո Սահակյանը` միաժամանակ տեղեկացնելով, որ Տեր-Պետրոսյանն արտահերթ ընտրություններին համատեղ մասնակցելու գաղափար ունի։ Նախագահ Քոչարյանը մերժել է այդ գաղափարը, ինչի մասին Բակո Սահակյանը տեղեկացրել է Տեր-Պետրոսյանին։ Վերջինս, այնուամենայնիվ, առաջարկել է, որպեսզի հանդիպումը կայանա։

Եվ այն տեղի է ունեցել։Հանդիպման ժամանակ իրոք քննարկում չի ծավալվել, քանի որ Ռոբերտ Քոչարյանը կրկին մերժել է խնդրո առարկա առաջարկը՝ պատճառաբանելով բարոյական նկատառումով, այն է՝ արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում այլ ձևաչափով մասնակցելու մտադրություն ունի։

Բացի դրանից, այդ քայլը կհարվածի «Հայրենիքի փրկության շարժմանը»։ Սա է եղելությունը։Կարող է թվալ, թե Տեր-Պետրոսյանն ամեն բան ճիշտ է ասել, ու ես ընդամենը կրկնում եմ նրա պատմությունը։

Բայց այդպես չէ. մասնավորապես, կարծես թե պատահմամբ, նա վրիպում է, թե «Հայրենիքի փրկության շարժումը» Նախագահ Քոչարյանն էր ստեղծել։P.S. Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին միասին գնալու առաջարկությանը, ապա մենք արդեն ընտրել ենք մասնակցության այլ ձեւաչափ, որի մասին կհայտարարենք ամենամոտ ապագայում»։