Լավրովը վստահ է, որ մոտ ապագայում կհաջողվի լուծել բոլոր գերիներին հայրենիք վերադարձնելու հարցը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վստահ է, որ մոտ ապագայում կհաջողվի լուծել Արցախյան երկրորդ պատերազմից հետո բոլոր պահվող անձանց հայրենիք վերադարձնելու հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Լավրովն ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում:

«Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին շարունակում ենք հանդես գալ բոլոր հումանիտար խնդիրների լուծման տեսանկյունից, ներառյալ` պահվող անձանց վերադարձնելու հարցի հանգուցալուծման վերաբերյալ: Հասկանում ենք այս քայլի խորհրդանշական, էմոցիոնալ նշանակությունը և վստահ ենք, որ մոտ ապագայում կկարողանանք այդ հարցը լուծել»,- ասել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ այդ քայլը կստեղծի դրական, կառուցողական մթնոլորտ` հակամարտության կարգավորման այլ հարցերի առաջխաղացման համար:

2021թ. մայիսի 5-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) դարձյալ կոչ են արել վերադարձնել բոլոր պահվող անձանց, կալանավորվածներին, ինչպես նաև օպերատիվորեն իրականացնել աճյունների փոխանակման գործընթացը: